ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Խաղաղության շունչը՝ կուռմադդումներում և գոբելենում
26.04.2016
Խաղաղության շունչը՝ կուռմադդումներում և գոբելենում

Այսօր Գեղարվեստական կրթության ֆակուլտետում թևածում էր խաղաղության շունչը. հայկական կուռմադդումներն ու գոբելենները զարդարել էին ճեմասրահը:

Կիրառական արվեստ բաժնի 3-րդ կուրսի ուսանող Հերիքնազ Խաչիկյանի առաջին անհատական «Խաղաղության շունչը» խորագրով ցուցահանդեսը նվիրված էր սահմանում կանգնած հայ զինվորներին, որոնց պայքարի շնորհիվ ամեն օր զգում ենք խաղաղության շունչը:

Հերիքնազ Խաչիկյանը ցուցահանդեսին ներկայացրել էր 26 կուռմադդում, որոնցից մեկը՝ խեցե և  8 գոբելեն:

Դդումների նկատմամբ սերն արթնացել է դեռ մանկուց, երբ իմացել է, որ գաղթի տարիներին իր տատը, չունենալով կիրառելի պարագաններ, դդումների մեջ պահել է սնունդ և այլ անհրաժեշտ իրեր.«Այդ ամենից հետո որոշեցի գունազարդել դդմիկները. փնտրեցի, գտա կուռմադդումներ, մշակեցի ու պատկերազարդեցի: Կիրառական արվետի յուրաքանչյուր նոր ճյուղ ուսամնասիրելուց հետո անպայման դրանք օգտագործում եմ դդմիկների վրա»,- aspu.am-ի հետ զրույցում նշեց  Հերիքնազ Խաչիկյանն ու հավելեց,  որ մեծ սիրով է աշխատում դդումների հետ և պատրաստվում է ուսումնասիրել  նաև մետաղի դիզայնը, որպեսզի այն ևս  կիրառի դդմիկների վրա:

Երիտասարդ արվեստագետը ներկայացված աշխատաքներից իր համար առանձնացրեց  «Մի օր» գոբելենը, որը նվիրված է իր պապին և Ցեղասպանության 101-րդ տարելիցին:

Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Անուշ Եղիազարյանը ցուցահանդեսի բացմանը նշեց, որ նկատելի են այն ջանքերն ու էներգիան, որոնք  կան աշխատանքներում.«Թող նման ցուցահանդեսները շարունակակական լինեն. երիտասարդ տարիքում և այս պայմաններում դա արդենիսկ մեծ ձեռքբերում է: Ներկայացված գոբելեների մեջ նկատելի է  արվեստի բարձր մակարդակ. ցանկանում եմ, որ հետագայում ևս շարունակես զբաղվել գոբելենով»,- հավելեց  ամբիոնի վարիչը:

«Ինձ համար հայտնագործություն էին ներկայացված աշխատաքները. յուրաքանչյուր դդում նմանեցված է մի մարդու կամ անձի, որոնք կյանքով լեցուն են և ունեն կերպարային բնույթ: Այս ցուցահանդեսի հաջողությունը հեղինակինն ու իր դասախոսներինը»,-նշեց Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի վարիչ Արա Հակոբյանը:

Արվեստաբանության ամբիոնի դասախոս Արամայիս Գևորգյանն էլ ցուցահանդեսում կարևորեց  ինքնատիպությունը, մոտեցումն ու մտածելակերպը. «Հեղինակը ոչ մի սահամանափակում չի դրել. նա պրպտել, մտածել, ծավալվել և ստեղծել է այս յուրօրինակ աշխատանքները: Դրանք իրենց ձևով և  գույներով ինքնատիպ ու գրավիչ են.ակնահայտ է, որ հեղինակը նպատակասլաց աշխատել է՝ ապացուցելու, որ ունի մտածելու, ստեղծագործելու կարողություն և պիտանի է հասարակությանն  ու ողջ աշխարհին»:

Գեղարվեստական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Զարուհի Խաչատրյանը ուսանողների անունից շնորհավորեց բոլորին ցուցահանդեսի բացման առթիվ և ընդգծեց, որ Հերիքնազ Խաչիկյանը միշտ  տարբերվել է իր ուրույն ոճով ու առանձնահատկությամբ. նա եղել է շարժիչ ուժ շատերի համար:

Հերիքնազ Խաչիկյանը շնորհակալություն հայտնեց իր ծնողներին, դասախոսներին, հայ զինվորին. որպես խաղաղության խորհրդանիշ՝ ցուցահանդեսն ամփոփվեց ճերմակ աղավնու թռիչքով: