ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մագիստրոսական գիտաժողով
20.04.2016
Մագիստրոսական գիտաժողով

Մանագիտական կրթության և կրառական մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ մագիստրոսների մասնակցությամբ գիտաժողով՝ նվիրված ՀՀ Անկախության 25-ամյակին:

Ուսանողները հանդես եկան զեկույցներով՝ անդրադառնալով սոցիալական մանկավարժության արդի հիմնախնդիրներին և հանրակրթության ոլորտի ժամանակակից հիմնահարցերին, ներկայացրին մագիստրոսական թեզի արդյունքում արված հետազոտությունների արդյունքները:

Մանագիտական կրթության և կրառական մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը կարևորեց գիտաժողովի անցկացումը՝ նշելով, որ ներկայիս մագիստրոսները անկախության այն սերունդն են, որ մեր երկրի հետ կրել և հաղթահարել են բոլոր դժվարությունները. «Հայ ազգը դիմացինին կարող է զարմացնել խելքով, աշխատասիրությամբ և քաջությամբ. դա ապացուցված է սահմանին և բոլոր այն անկյուններում, ուր յուրաքանչյուրն իր գործն անում է ամենայն պատասխանատվությամբ ու նվիրումով»,-նշեց պրոֆեսորն ու հավելեց, որ ուսանողների հետազոտությունների արդյունքները այս տարի ևս կտպագրվեն ժողովածուում՝ գիտական ղեկավարների համահեղինակությամբ:

ՀՊՄՀ-ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանն էլ ևս մեկ անգամ ընդգծեց, որ բուհն արդեն 4 տարի որդեգրել է մի քաղաքականություն, որի կիզակետում մագիստրոսական կրթությունն է. դա նաև ԿԳ նախարարի գործունեության առաջնահերթություններից է:

«Կրթական փաստաթղթերի հարմարեցում, համապատասխանեցում միջազգային լավագույն կրթական հաստատությունների չափանիշներին, առարկաների և թեզերի թեմաների ընտրության թափանցիկություն և այլն»,- թվարկում է պրոռեկտորն ու մագիստրոսներին հորդորում հետազոտել այնպիսի թեմաներ, որոնք արդիական կլինեն ոչ միայն մեր երկրի, այլև Մանկավարժական համալսարանի արտասահմանյան գործընկերների համար. դա իրական հնարավորություն է բարձրագույն կրթությունը շարունակել միջազգային առաջատար հաստատություններում:

Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը, չնայած մտահոգված է համակարգչի, տեղեկատվական ժամանակակից այլ տեխնոլոգիաների և դասավանդողի, սովորողի միջև օրեցօր աճող մրցակցությամբ, սակայն վստահ է՝ մարտահրավերներին հնարավոր է դիմակայել միայն մեկ եղանակով՝ ձևավորել մտածող մասնագետ և սովորող:

«Նորագույն տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը լուծում է նույնիսկ կրթության հիմնական խնդիրները՝ ի՞նչ և ինչպե՞ս անել»,-նշեց Հեղինե Խաչատրյանն ու հույս հայտնեց, որ յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին ընդառաջ կազմակերպվող այս գիտաժողովը կզարգացնի վերոնշյալ գաղափարը:

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանն էլ հավելեց՝ Անկախության 25-ամյակին նվիրված գիտաժողովը վկայում է, որ վաղվա երեխաներն ապահովված են լավ մանկավարժների սերունդով. «Կրթված սերունդների դեպքում միայն կարող ենք ունենալ առողջ հասարակություն»:

Պլենար նիստին հաջորդեցին մասնաճյուղերի զուգահեռ աշխատանքները՝ մանկավարժական գիտությունների թեկնածու-դոցենտներ Հակոբ Թադևոսյանի և Լուսինե Պողոսյանի նախագահությամբ:

Մագիստրոսներն իրենց թեմաների շրջանակներում անդրադարձան սոցիալ-մանկավարժի աշխատանքի առանձնահատկություններին, գործունեության էությանն ու հիմնախնդիրներին, ինչպես նաև տարրական դպրոցում կրտսեր դպրոցականների սոցիալականացման հիմնախնդիրներին, ագրեսիվ վարքի պատճառների բացահայտմանը, հաղթահարման ուղիներին և մանկավարժական դիագնոստիկայի հիմնահարցերին: Զեկույցների շուրջ եղան հարցեր, քննարկումներ և նկատառումներ, որոնք կնպաստեն մագիստրոսների թեզերի աշխատանքի որակի բարելավմանը: