Այսօր ՀՊՄՀ-ի Հենակետային (ավագ դպրոց) վարժարանում ամանորյա տրամադրություն էր.հումանիտար (լրագրություն) հոսքի 12-րդ դասարանը ընթացիկ տարվա վերջին օրերն առավել տոնական ու հիշարժան դարձնելու համար անցակացրեց ամանորյա «Օսկար 2015» մրցանակաբաշխությունը:
Կրտսեր դասընկերների համար ապագա լրագրողների կազմակերպած ձեռնարկը յուրօրինակ էր ինչպես կազմակերպչական, այնպես էլ ձևաչափի առումով. վարժարանի պատմության մեջ առաջին անգամ Ամերիկյան կինոակադեմիայի կողմից սահմանված կինոաշխարհի ամենահեղիանակավոր մրցանակաբաշխությունը մի քանի ժամով տեղափոխվեց այստեղ:
Մրցանակաբաշխությունը մեկնարկեց «Ամենաակտիվ դասարան» անվանակարգով. մրցույթի մասնակից 11-րդ դասարանների՝ հումանիտար (լրագրություն), (հոգեբանություն-1), (հոգեբանություն-2), մշակութային (նկարչություն), ֆիզիկամաթեմատիկական (տնտեսագիտություն) հոսքերի աշակերտները պատկերային ներկայացումներով անդրադարձան մեկուկես տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքին, կազմակերպած միջոցառումներին, տարբեր մրցույթներում մասնակցությանը, կարևորագույն հաջողություններին ու հաղթանակներին:
Ժյուրիի դերը ստանձնած վարժարանի ղեկավար և ուսուցչական կազմը նկատեց՝ դասարանները գերհագեցած տարի են ունեցել, բայցև անվանակարգի հաղթող ճանաչեց հումանիտար (լրագրություն) հոսքին՝ հանձնելով «Օսկար» մրցանակ:
«Ամենաշնորհալի դասարան» անվանակարգում աշակերտները ներկայացրին ամանորյա շնչով հարուստ երաժշտական, պարային համարներ. մրցույթի արդյունքում լավագույնը՝ հումանիտար (հոգեբանություն-1) հոսքն էր:
Չմոռանալով ամանորյա եռուզեռի մասին՝ անցկացվեց նաև «Կենդանի տոնածառ» մրցույթը, որը հատկապես թեժ էր: Նկատի ունենալով մի դեպքում ուսանողների կրեատիվությունը, իսկ մյուսում՝ ձեռագործ աշխատանքը, ժյուրին հաղթող համարեց միաժամանակ երկու՝ մշակութային (նկարչություն) և հումանիտար (հոգեբանություն-2) հոսքերի դասարաններին:
Մրցանակաբաշխության ընթացքում ընտրվեց նաև «Ամենաինտելեկտուալ դասարան»-ը. տարբեր բնագավառներ ընդգրկող բլից մրցույթում բացարձակ հաղթողները ապագա լրագրողներն էին:
Պայքարից զերծ չմնացին նաև մրցույթին մասնակցող դասարանների դասղեկները.մի քանի րոպե տևողությամբ մրցույթում այդպես էլ չհաջողվեց ընտրել ամանորյա ամենահամեղ ուտեստ և տոնական զարդարանքներ պատրաստածին. պատվոգրեր հանձնվեցին բոլոր 5-ին՝ մրցանակաբաշխությանը ակտիվ մանակցություն ցուցաբերելու համար:
Մրցանակաբաշխության ավարտին «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթող ճանաչվեց ֆիզիկամաթեմատիկական (տնտեսագիտություն), «Տարվա հայտնություն»-ը մշակութային (նկարչություն) հոսքն էր:
Հայտնի դարձավ նաև տարվա «Լավագույն աշակերտ»-ը. ֆիզիկամաթեմատիկական (տնտեսագիտություն) հոսքից Սարգիս Ղազարյանի համար լավագույնը դառնալը թեպետ անակնկալ էր, բայց վստահ է՝ հաշվի է առնվել նաև իր՝ 6-7 միջազգային ծրագրերին մասնակցությունը:
Բուլղարիա, Թուրքիա, Լեհաստան, Ստեփանավան, Դիլիջան.սրանք այն քիչ երկրներն ու քաղաքներն են, որտեղ Սարգիսը մասնակցել է կրթական, մշակութային երիտասարդության խնդիրների հետ կապված մի շարք հարցերի, առաջնահերթությունների վերհանմանը:
Երիտասարդ պատվիրակը վստահեցնում է՝ իր սովորածը փոխանցում է նաև ընկերներին, աշակերտական խորհրդին և անում հնարավոր ամեն բան երիտասարդությԱն ձայնը բարձրացնելու համար:
Հումանիտար (լրագրություն) հոսքի 12-րդ դասարանի դասղեկ, միջոցառման կազմակերպիչ Մերի Վենգրժանովիչը, ամփոփելով միջոցառումը, aspu.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ նման ձեռնարկները աշակերտին տալիս է առողջ մրցակցություն, մոտիվացիա և ամենակարևորը՝ հետաքրքրացնում է աշակերտական կյանքը:
Վարժարանի աշակերտական խորհրդի նախագահ Նորայր Շողիկյանն էլ հավելեց՝ միջոցառումների պակաս վարժարանում չկա, որոնք տարատեսակ քննություններին ընդառաջ կտրում են առօրյա կրթական հոգսերից: