ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Պարը եղել և մնում է հայ ժողովրդի միասնականության խորհրդանիշ»
29.04.2016
«Պարը եղել և մնում է հայ ժողովրդի միասնականության խորհրդանիշ»

Պարի միջազգային խորհրդի նախագահ, դոկտոր Ալկիս Ռաֆտիսն այսօր Հայկական պետական մանկավարժական համալսարանում էր, որտեղ մասնակցում էր Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումներին:

Պարարվեստում հայ ժողովրդի բարեկամը հանգամանորեն տեղյակ է ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին, ինչպես նաև այն փաստին, որ սահմանին հակառակորդի նենգ հարվածից զոհվել է ՀՊՄՀ-ի Պարարվեստի բաժնի ուսանող, սերժանտ Նորայր Գասպարյանը: Նրա առաջարկով՝ քաջարի զինվորը հետմահու կպարգևատրվի «Պարի վաստակավոր»-ի կոչմամբ, իսկ նրա լուսանկարը այսօր կտեղադրվի Պարի միջազգային խորհրդի պաշտոնական կայքում՝ ի լուր թշնամու ապօրինի ոտնձգությունների:

«Պարը մշակութային այն արժեքն է, որ դարեր շարունակ ուղեկցել է մեզ: Այսօրինակ մշակույթ ունեցող ազգը անպարտելի է իր ոգով, ապացույցը՝ առաջնագծի այն հերոս տղաները, որ պաշտպանում են ոչ միայն հայրենիքի, այլև մեր մշակույթի և հավատքի սահմանները. դրանից ներս ազգի միասնությունն է»,- Պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանը ու հավելեց՝ պարը եղել և մնում է հայ ժողովրդի միասնականության խորհրդանիշ:

Ալկիս Ռաֆտիսը խոստովանեց՝ Հայաստանում իրեն զգում է ինչպես տանը, իսկ Մանկավարժականում՝ ունենում դրական հույզեր և ապրումներ. «Տարիներ առաջ դասախոսելիս բողոքում էի, հիմա կարոտում»:

Օրը կարևորվեց նաև Պարի միջազգային խորհրդի հայաստանյան մասնաճյուղի բացմամբ, որը կղեկավարի Պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանը: Ալկիս Ռաֆտիսը վկայականներ հանձնեց մասնաճյուղի առաջին անդամներին՝ ուսանողներին և «Բերդ» պարային անսամբլին, ինչպես նաև դիպլոմներ դասախոսներին և ուսանողներին՝ 150 ժամ տևողությամբ հայկական պարերի ուսումնասիրում պարային դաս անցնելու համար:

Կարեն Գևորգյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց պարի երախտավորներին, բոլոր ժամանակների նվիրյալներին, շնորհակալություն հայտնեց հայկական պարը աչքի լույսի պես պահելու, սերնդեսերունդ փոխանցելու համար՝ մաղթելով ստեղծագործական նոր վերելքներ և հաջողություններ:

Պարարվեստի մանկավարժության ամբիոնի դասախոս Ալինա Դանիելյանը մասնագիտական օրվա առիթով ներկայացրեց իր հեղինակած «Բեմական-բնութագրական պարի հիմունքները» ուսումնամեթոդական ձեռնարկը: Ձեռնարկում առաջին անգամ համակողմանի անդրադարձ է կատարվել բեմական-բնութագրական պարի անցած ուղուն, ներկայացվել պարի տեսակի և դասական պարի միջև առկա կապը, դրանց նմանություններն ու տարբերությունները:

Հեղինակը լիահույս է՝ գիրքը շտեմարան և ուղեցույց կդառնա սկսնակ պարողների, ուսանողների, մանկավարժ-պարուսույցների համար, հատկապես, որ բնութագրական պարի վերաբերյալ մայրենի լեզվով դասագրքերի կարիք մեզանում դեռևս կա:

Միջոցառումներին ներկա էին ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, Պարարվեստի փառատոնների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էմիլ Դիմիտրովը, պարարվեստի երախտավորներ, հյուրեր:

Նշենք, որ Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ 1982 թ-ից ապրիլի 29-ը նշվում է որպես պարի միջազգային օր՝ ի հիշատակ այդ օրը ծնված ֆրանսիացի բալետմեյստեր, բալետի տեսաբան Ժան-Ժորժ Նովերի (1727-1810):