ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնն իր գործունէութիւնն սկսել է 1995 թ. դեկտեմբերի 18-ից Խ. Աբովեանի անուան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի կազմում: 2001 թուականին «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի միջոցներով, իբրեւ յատուկ ծրագիր, այն ստացել է նորոգուած տարածք եւ կահաւորում:

Գործունէութեան ուղղութիւններ.         

ա) սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստութիւն

  • 1996-ի Նոյեմբեր - Դեկտեմբեր ամիսներին հայոց լեզուի եւ գրականութեան փորձնական յատուկ դասընթաց է անցկացրել Պուէնոս Այրէսում (Արգենտինա), որին մասնակցած տեղի 4 հայ վարժարանների 32 ուսուցիչների Հայաստանի Հանրապետութեան պետական վկայագրեր են շնորհուել։
  • 2000-2008 եւ 2017-2019 թթ. ՀՀ ԿԳ Նախարարութեան պատուէրով այստեղ յաջորդաբար կազմակերպուել են սփիւռքահայ ուսուցիչների ամառային դասընթացներ, որոնց մասնակցել է 463 ուսուցիչ՝ շուրջ 4 տասնեակ երկրներից: Նրանց հետ աշխատել են հայրենիքի եւ Սփիւռքի խոշորագոյն մասնագէտներ։
  • Անցած տարիների ընթացքում այս ամէնին զուգընթաց կազմակերպուել է ուսուցիչների վերապատրաստութիւն նաեւ Սփիւռքի գաղթօջախներում։ Կենտրոնի յանձնարարութեամբ եւ երաշխաւորութեամբ ՀՀ ԿԳ Նախարարութիւնը Եգիպտոս, Իրան, Սիրիա է գործուղել մէկ տասնեակ հայրենի փորձառու մասնագէտների: Վերապատրաստութիւն են անցել շուրջ 900 ուսուցիչներ:

բ) հայրենի ուսուցիչների վերապատրաստութիւն

Հայրենի ուսուցիչները Կենտրոնում վերապատրաստուել են արեւմտահայ հանրակրթական առարկաներից՝ լեզու, դասական եւ նորագոյն շրջանների գրականութիւն, պատմութիւն։ 2002 - 2012 թթ. ընթացքում 13 դասընթացներն անցել եւ ՀՀ ԿԳ Նախարարութեան վկայագրերի են արժանացել աւելի քան 500 ուսուցիչ ինչպէս Երեւանից, մարզերից, այնպէս էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան բոլոր հինգ շրջաններից։

գ) մեկամեայ փորձնական ծրագիր դպրոցներում

2002-2012 եւ 2017 թթ. Փարիզի «Մաշտոց» Միութեան հետ համատեղ (նախագահ Սորբոնի Համալսարանի Պրօֆ. Հիլդա Գալֆայեան-Փանոսյան) Կենտրոնն իրագործել է արեւմտահայ մեկամեայ փորձնական ծրագիր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ 80 դպրոցների 8-րդ, 10-րդ կամ 11-րդ դասարաններում, որին ընդգրկուել են աւելի քան 2500 աշակերտներ։

դ) գրամշակութային առօրեայ

Կենտրոնում պարբերաբար անցկացւում են հանրապետական եւ միջազգային գիտաժողովներ, յոբելենական երեկոներ, հանդիսութիւններ, բանավէճեր: Կառոյցն իր հերթին աշխոյժ մասնակցութիւն է բերում հանրապետական եւ միջազգային գիտաժողովների, համահայկական գրամշակութային համագումարների ու համաժողովների ինչպէս հայրենիքում, այնպէս էլ Սփիւռքում (Ֆրանսիա, Արգենտինա, Թուրքիա, ԱՄՆ, Լիբանան, Սիրիա, Մեծ Բրիտանիա, Վրաստան):

ե) հրատարակչական աշխատանք

Տարիներ շարունակ Կենտրոնը լոյս է ընծայում Սփիւռքի գրամշակութային դաշտին վերաբերող գեղարուեստական մասնագիտական գրքեր, ձեռնարկներ, ծրագրեր (վերջին տուեալներով շուրջ 50 անուն գիրք)։ Վերջին խոշոր ձեռնարկը շուրջ երեսուն հատոր կազմող Յակոբ Օշականի «Ամբողջական երկեր»-ի ակադեմիական առաջին հատորի լոյսընծայումն է (2020): Գրահրատարակչական աշխատանքը սկզբունքօրէն ծաւալւում է Մեսրոպեան դասական ուղղագրութեամբ:

զ) համագործակցութեան ծրագրեր

Կենտրոնը համագործակցել է ՀՀ ԿԳ եւ Սփիւռքի Նախարարութիւնների հետ: ԿԳՆ պատուէրով պատրաստել է դասագրքեր արեւմտահայ լեզուից եւ սփիւռքահայ գրականութիւնից: Իսկ 2015-ին ՀՀ Սփիւռքի Նախարարութեան պատուէրի շրջանակներում Կենտրոնի տնօրէնը հրատարակել է «Սփիւռքահայ գրականութեան նուաճումներն ու զարգացման միտումները (1920-1960-ական թթ.)» մենագրութիւնը:

2013-2015 թթ. ՀՀ ԿԳՆ Գիտութեան Պետական Կոմիտէի պատուէրով Կենտրոնն իրագործել է «Արեւմտահայ ընդարձակ կենսագրական բառարան» քառահատոր հանրագիտարանը (ձեռագրի իրաւունքով):

Համագործակցում է նաեւ Հայաստանի առաջատար ուսումնական հաստութիւնների եւ գիտահետազօտական կենտրոնների հետ: 

է) գրադարան

Կենտրոնի համակարգում ստեղծման օրերից սկսել է գործել Հանրապետութիւնում եզակի սփիւռքագիտական ընթերցասրահը, ուր տարիների ընթացքում կենտրոնացել է արեւմտահայ եւ սփիւռքահայ գրական, գիտական ու կրթամշակութային 7.000-ից աւելի գրականութիւն, այդ թւում՝ մամուլ: Գրականութիւնը ձեռք է բերւում ինչպէս անհատ հեղինակների եւ կազմակերպութիւնների նուիրատուութիւնների, այնպէս էլ Համալսարանի միջոցների հաշուին:

«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի հասցէն՝
Հասցէն՝ ՀՀ, ք. Երեւան, Ալեք Մանուկեան 13, 4-րդ յարկ

 

Անոնս

Այլ

Հայտարարություններ

Նորություններ