ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«100-ամյա վաղեմության փաստաթուղթը պետք է սթափ գնահատել». Մարկեդոնով
18.03.2021
«100-ամյա վաղեմության փաստաթուղթը պետք է սթափ գնահատել». Մարկեդոնով

ՀՊՄՀ-ի «Հայաստանը 1920-1991 թթ.» գիտական լաբորատորիան ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հետ համատեղ կազմակերպել էր Մոսկվայի պայմանագրի 100-ամյակին նվիրված կլոր սեղան-քննարկում. պայմանագիրը կքնվել էր 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Խարհրդային Հանրապետության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ներկայացուցիչների միջև:

Պայմանագրի համաձայն` Թուրքիայի հյուսիսարևելյան (ՀՍԽՀ-ի հետ) սահմանն անցնում էր Ախուրյան ու Արաքս գետերի հունով՝ թուրքական կողմում թողնելով Կարսի մարզը և Սուրմալուի գավառը։ Նախիջևանի մարզը դառնում էր ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալության տակ, որը չէր զիջվելու երրորդ պետության։ Պարզ է, որ այդ պայմանն ուղղված էր Հայաստանի դեմ։ Մոսկվայի պայմանագրով Խորհրդային Հայաստանի տարածքը կազմում էր 29 000 կմ² (Լոռու և Զանգեզուրի միանալուց հետո) որը նախատեսում էր ավելի մեծ տարածք, քան Ալեքսանդրապոլի պայմանագիրը։

Կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին հայ անվանի գիտնականներ, ակադեմիկոսներ, դոկտոր-պրոֆեսորներ, ՌԴ-ից հրավիրված բանախոսներ:

«Հայերի համար այն զգայուն թեմա է, գիտնականներն էլ դրա շուրջ տարբեր մոտեցումներ ունեն: Այս օրերին բազմաթիվ գիտական ձեռնարկներ ու քննարկումներ են անցկացվում, այդ թեմայով ստեղծվել է գիտական լուրջ գրականություն և մեզ հետաքրքիր է լսել մեր ռուս գործընկերների՝ պատմաբանների և քաղաքագետների կարծիքը»,-նշեց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը` ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին:

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը ներկայացրեց Մոսկվայի պայմանագրի վավերացման նախապատմությունը, թե ինչպես Ադրբեջանի խորհրդայնացումից հետո Ռուսաստանի բոլշևիկյան կուսակցությունը բարեկամացավ քեմալական Թուրքիայի հետ. վերջինս ստացավ Խորհրդային Ռուսաստանի աջակցությունը՝ հայկական տարածքների կորուստների հաշվին:

«Ռուսաստանի և Թուրքիայի միջև բարեկամությունը հաստատվեց 1921 թվականի մարտի 21-ի մոսկովյան պայմանագրով: Այսօր էլ հայտնի է ՌԴ պաշտոնական շրջանակների մոտեցումները այս պայմանագրին. դա հասկանալի դարձավ, երբ Ռուսաստանի դեսպանը Անկարայում 100-ամյա պայմանագիրը համարեց բարեկամական»,-նշեց ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

Նա խոսեց նաև երկու պետությունների շահերի մասին, որոնք էլ հանգեցրին նման պայմանագրի ստեղծման հանգուցալուծմանը, ապա ռուս գործընկերներից հետաքրքրվեց` արդյո՞ք 2021 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունը կապ ուներ մոսկովյան պայմանագրի հետ:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն այն կարծիքին է, որ պայմանագրի վերաբերյալ հնչող տարբեր տեսակետները հիմնականում ոչ պրոֆեսիոնալ են, որոնցում նկատելի են քաղաքական որոշակի շեշտադրումներ և մակերեսային գնահատականներ: Ռեկտորն անդրադարձավ Չիչերինի, Մոլոտովի մոտեցումներին, որոնք հրապարակայնորեն անդրադարձել են հայերի հանդեպ մոսկովյան պայմանագրի անարդարացիությանը: Իսկ այդ հնարավոր չէր անել առանց «ազգությունների հոր» գիտության: Նա ընդգծեց, որ նման մակարդակով արված հայտարարությունները չէին կարող պատահականություն լինել: Բացի այդ, միմյանց դեմ 13 պատերազմ վարած երկրների` Ռուսաստանի և Թուրքիայի մասին խոսելիս, պետք է հիմնվել պատմական ճշմարտության վրա:

«Կան պատմական փաստեր, պետք է անել հետևություններ: Կա մի մեծ պատմական ճշմարտություն` յուրաքանչյուր պետություն ունի իր շահերն ու հետաքրքրությունները, պետք է ազգային-պետական շահերը համընկնեն: Դիվանագիտական ճկունությունը պետք է լինի այն, որ իր շահերը այս կամ այն հայտարարությամբ պաշտպանող երկիրը պետք է անի ամեն ինչ, որպեսզի իր ազգային շահերը առավելագույնս համապատասխանեն իր դաշնակիցը հանդիսացող երկրների ազգային շահերին. ցանկացած այլ մոտեցում իրատեսական չէ: Մենք պարտավոր ենք բարձրաձայնել պատմական անարդարության մասին՝ ասելով ողջ ճշմարտությունը»,-նշեց ռեկտորն ու նկատեց` այդ տեսանկյունից կլոր սեղանն ունի բացառիկ նշանակություն:

Ռուբեն Միրզախանյանը հայ և ռուս պատմաբաններին ու քաղաքագետներին հրավիրեց անկեղծ երկխոսության՝ կարևորելով առաջատար քաղաքագետների վերլուծությունները, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպանի վերջին հայտարարությունը դիտարկեց դիվանագիտական որոշակի վարքագիծ:

«Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ պատմական անցյալում պետք չէ փնտրել պետությունների վարքագծերի մոդելներ և փորձել ներկան ընկալել դրանց լույսի ներքո։ «Չի կարելի դատել 1921 թվականի մասին 2021 թվականի դիրքերից: Դաշնակիցները պետք է կարողանան անկեղծ խոսել միմյանց հետ, և բնական է, որ դաշնակիցների միջև ևս պետք է լինեն ճշգրտման ենթակա հարցեր և հակասություններ: Հատկանշական է, ոոր Հայաստանի և Ռուսաստանի գիտական հանրության ներկայացուցիչների կողմից Մոսկվայի պայմանագիրը ընկալվում է միանգամայն տարբեր կերպ: Եվ սա բնական է, քանի որ համեմատելի չէ այդ պատմական իրադարձության ազդեցությունը Հայաստանի և Ռուսաստանի պատմական հիշողության վրա»,-նշեց Մարկեդոնովն ու հավելեց, որ դաշնակիցները պետք է հաշվի առնեն ընկալումների այս տարբերությունը միմյանց հետ շփումներում:

Նրա կարծիքով՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ դրանք հանկարծակի և անսպասելի չեն եղել․ Անդրկովկասում գոյություն ունեին որոշակի ազգային պետությունների նախագծեր, որոնք տապալվեցին, իսկ այդ տապալմանը հաջորդեց խորհրդայնացումը: «Պետք է հաշվի առնել, որ Մոսկվայի պայմանագրին նախորդել է հայ-թուրքական պատերազմը, որի ընթացքում թուրքերին հաջողվել էր հայնտվել Ալեքսանդրապոլում, և միայն այդ պայմանագրից հետո թուրքական զորքերը հետ քաշվեցին քաղաքից»,-նշեց Մարկեդոնովն ու հավելեց, որ պատմական իրադարձության մասին խոսելիս պետք է հաշվի առնել ստեղծված իրավիճակի ընդհանուր դիալեկտիկան, այլապես կհանգենք պատմության հատվածային ընկալմանը:

ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծեց, որ պայմանագիրը մինչ օրս գիտական վեճերի տեղիք է տալիս, իսկ հայ ժողովրդի մի հատված այն ՙհայերի մեջքի ետևում կատարված գործարք՚ է համարում: Ակադեմիկոս Սաֆրաստյանը հարցին անդրադարձավ թուրքական դիվանագիտության մոտեցումների տեսանկյունից: «Հայկական հարցը չլուծվեց հօգուտ Հայաստանի և հայերի, որովհետև այստեղ վճռորոշ եղավ Ստալինի դերը, այնինչ Ռուսաստանը կարող էր ավելի կոշտ լինել Թուրքիայի հանդեպ»,-հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Խաչատրյանն էլ ընդգծեց, որ Մոսկվայի պայմանագիրն անհամեմատելի է դրանից 2.5 ամիս կնքված Ալեքսանդրապոլի պայմանագրի հետ այն իմաստով, որ Մոսկվայի պայմանագրով երաշխավորվում էր Հայաստանի ինքնուրույնությունը, այնինչ, Ալեքսանդրապոլի պայմանագրով, Հայաստանը Թուրքիայի վասալություն էր դառնում, քանի որ ճանապարհների վերահսկողությունն ամբողջությամբ թուրքական կողմն էր իրականացնում: Մոսկվայի պայմանագրով, ցանկացած ոտնձգություն խորհրդային հանրապետությունների նկատմամբ, դիտարկվում էր որպես հարձակում խորհրդային Ռուսաստանի վրա՝ իր բոլոր հետևանքներով: Մյուս կարևոր դրույթը, որն արդեն ամրագրվեց Մոսկվային հաջորդող Կարսի պայմանագրով, այն էր, որ Ադրբեջանին հանձնված Նախիջևանի նկատմամբ երրորդ երկրի հավակնությունները բացառվեն: Սրանով, ըստ պարոն Խաչատրյանի, բացառվեց Թուրիքայի ազդեցությունը Նախիջևանի, հետևաբար նաև, Հարավային Կովկասի վրա, և այն դուրս մղվեց տարածաշրջանից՝ դիրքերը զիջելով Ռուսաստանին: Ցավով, սակայն, նա նկատում է, որ այսօր Ադրբեջանի թողտվությամբ, Թուրքիան որոշակի ռազմական և տնտեսական ներկայություն ունի Նախիջևանում, որը պետք է անհանգստացնի Ռուսաստանին, իսկ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը հավասարակշռող և զսպող նշանուկություն է ստանում:

Պատմական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Կռիլովն էլ հավելեց` հարցին անդրադառնալիս պետք է նկատել, թե ինչ պատմական իրադարձությունների ժամանակ է կնքվել պայմանագիրը, երբ տեղի էին ունենում զուգահեռ գործընթացներ` որոշվում էին Խորհրդային Ռուսաստանի և Կովկասի սահմանները: Նա կոչ արեց 100-ամյա պատմական իրողությանը նայել սթափ հայացքով և գնահատականներ տալիս նկատի ունենալ ժամանակի հասարակական և քաղաքական իրողությունները:

Հետխորհրդային հետազոտությունների փորձագետ Վադիմ Մուխանովն ու իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Վոլոդյա Հովհաննիսյանն անդրադարձան պայմանագրի իրավական ասպեկտին:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանն իր զեկույցում նախ հիշեցրեց, որ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը Հայաստանի համար այլընտրանք չունի, ու նաև հավելեց, որ Հայաստանն էլ Ռուսաստանի ամենահավատարիմ դաշնակիցն է Հարավային Կովկասում, և հայերի հզորությունը բխում է Ռուսաստանի շահերից. որքան հզոր լինի Հայաստանը, այնքան հզոր կլինի Ռուսաստանը: Ինչին ի պատասխան` Ռուբեն Միրզախանյանը նկատեց` նախևառաջ հայերի շահերից է բխում Ռուսաստանի հզորությունը, և ոչ թե մենք ենք ընտրում ում հետ անենք բարեկամություն, այլ մեզ են ընտրում, և դրա համար խորհուրդ տվեց գնահատականներ հնչեցնելուց առաջ ուղղակի նայել քարտեզին: Այս հարցի շուրջ «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը զարմանալի է համարում այն տարածված տեսակետը, թե որքան լարված լինեն ռուս-թուրքական հարաբերությունները, այնքան լավ: ՙՃիշտ հակառակը` ռուս-թուրքական լարված հարաբերություններում առաջինը տուժելու է Հայաստանը, քանի որ ռազմական գործողությունների թատերաբեմը, կենտրոնն է լինելու՚:

Նշենք, որ Մոսկվայի պայմանագրի 100-ամյակին նվիրված կլոր սեղան-քննարկումը կազմակերպել են ԳԱԱ Պատմության ինստիտուտն ու ՀՊՄՀ-ի «Հայաստանը 1920-1991 թթ.» գիտական լաբորատորիան:

Ի դեպ, առաջին անգամ կլոր սեղանի ընթացքում ներակայացվեց ինչպես Մոսկվայի պայմանագրի, այնպես էլ Ալեքսանդրապոլի պայմանագրի հիման վրա պատրաստված քարտեզները, որոնցում ակնհայտորեն երևում են ընդամենը 2,5 ամսվա տարբերությամբ կնքված հայ-թուրքական՝ Ալեքսանդրապոլի, և ռուս-թուրքական՝ Մոսկվայի համաձայնագրերի տարածքային տարբերությունները: