ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«100 գաղափար Հայաստանի համար»
16.10.2019
«100 գաղափար Հայաստանի համար»

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը հոկտեմբերի 16-ին Մանկավարժական համալսարանում հանդիպեց Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողների հետ: Փոխնախարարը ներկայացրեց նախարարության «100 գաղափար Հայաստանի համար» ծրագիրը՝ հորդորելով ուսանողներին նորարարական գաղափարներով ու նախաձեռնություններով մասնակցել ծրագրին:

Նախարարի տեղակալը ուսանողներին ներկայացրեց մրցույթի էությունն ու նպատակը: Այն արդեն չորրորդ տարին է անցկացվում հանրապետությունում, կարող են մասնակցել 16-35 տարեկան նորարարական գաղափարներ ունեցող երիտասարդները: Ծրագիրն ունի տարբեր ուղղություններ, այդ թվում՝ մանկավարժություն և սոցիոլոգիա: Հատկապես այդ երկու ուղղությունները կհետաքրքեն Մանկավարժական համալսարանի ուսանողներին՝ կարծում է նախարարի տեղակալը և հավելում, որ մեկ հնարավորությունն ստեղծում է նոր հնարավորություններ, և որ սա առաջին քայլն է դեպի ձեռնարկատիրություն: Գ. Լոռեցյանը վստահեցնում է, որ երիտասարդների նորարարական գաղափարներն անպայման աջակցություն կստանան, որ այդ քայլն անելով գուցե շատերը կդառնան ոլորտի առաջատարներ:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՊՄՀ պրոռեկտորներ Սրբուհի Գևորգյանը և Արմեն Թամազյանը: Ամեն շահույթ հետապնդող անձ դեռևս ձեռներեց չէ՝ ասում է պրոռեկտոր Թամազյանը՝ հավելելով, որ ձեռներեցին նորարարությունը հրճվանք է պարգևում:

«Ապագայում միգուցե ձեր մասնագիտությամբ չաշխատեք, բայց պիտի կարողանաք տարիների ընթացքում ստացած գիտելիքներն ու կարողությունները համադրել ձեր կատարած աշխատանքին,-ասում է մասնագիտությամբ տնտեսագետ Գ. Լոռեցյանը, հավելելով, որ այդ ճանապարհին միշտ փորձություններ ու թակարդներ կհանդիպեն, պետք է հաղթահարել դրանք՝ օգտագործելով ձեռք բերած գիտելիքները և ճիշտ ժամանակին ճիշտ գիտելիք օգտագործել հաջողության հասնելու համար: -Սա ծրագիր է երիտասարդների համար, որտեղ կարող են կենտրոնացնել իրենց ներուժը, նորարարական գաղափարները՝ հետագայում դրանք տարբեր ոլորտներում ներդնելու և զարգացնելու համար: Ամեն ինչ սկսվում է գաղափարներից, միայն թե դրանք պետք է կյանքի կոչել»:

Ուսանողների համար ցուցադրվեց մրցույթին վերաբերող փոքրիկ տեսահոլովակ, այնուհետր հանդիպումը շարունակվեց երկխսության ձևաչափով: Երիտասարդներն իրենց նորարարական գաղափարները պետք է ներկայացնեն մինչև հոկտեմբերի 22-ը: Հատուկ ստեղծված հանձնաժողովը դրանցից կընտրի ամենալավ 20 գաղափարները, որոնց մասին հեռուստատեսությամբ տեսասահիկներ կցուցադրվեն:

Գ. Լոռեցյանը ուսանողներին տեղեկացրեց, որ նախարարությունն ունի տարբեր դրամաշնորհային ծրագրեր, որոնց միջոցով այդ նորարարական գաղափարները հետագայում կարելի է կյանքի կոչել:

«Բոլոր դեպքերում մեզ համար հիմնական արժեքը մտածող մարդն է»,-ամփոփեց նախարարի տեղակալը՝ հույս հայտնելով, որ ապագա մանկավարժներն աչքի կընկնեն իրենց նորարարական մտքերով ու առաջարկություններով: