ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

106 կտավ` Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին
15.04.2021
106 կտավ` Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին

106 գեղանկարչական աշխատանք ներկայացնող «Էրգիր ավետյաց» խորագրով ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին: Հայաստանի նկարիչների միությունում բացվեց ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի պրոֆեսոր Լեմս Ներսիսյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը։

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը շնորհավորեց նկարչին` անհատական ցուցահանդեսի բացման առիթով և մաղթեց ստեղծագործական նոր հաջողություններ, մանկավարժական արգասաբեր աշխատանք Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողների հետ: Նա ներկաներին հորդորեց այցելել այն վայրերը, որոնք վարպետի վրձնի ներքո վերածվել են գեղեցիկ կտավների և ջերմություն ու դրական լիցքեր են հողորդում իրենց գունային լուծումներով:

ՀՊՄՀ Կերպարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Աղամյանը բարձր գնահատեց Լեմս Ներսիսյանի ներդրումը հայ գեղանկարչության զարգացման գործում, ինչպես նաև այն մանկավարժական աշխատանքը, որի միջոցով նա իր փորձառությունն ու ջերմությունն է փոխանցում ապագա մանկավարժ-նկարիչներին:

Պրոֆեսոր Լեմս Ներսիսյանը շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի այցելուներին՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր հայ իր հոգում ունի ցեղասպանության պատմական հիշողությունը և այն դրախտավայր երկիրը, որին նվիրված են ցուցադրված կտավները:

«Ինձ հաջողվել է այսօր այդ հիշողությունը հասարակությանը ներկայացնել վիզուալ պատկերներով: Ցուցահանդեսն ունի երկու եզրույթ՝ գեղարվեստական և տեղեկատվական: Ես եղել եմ այդ բոլոր վայրերում և Եղեռնի ոճրագործությունը փորձել եմ ներկայացնել գեղարվեստի միջոցով: Ես Ավետյաց երկիրը փորձել եմ ներկայացնել իր իսկ գույներով»,-հավելեց Լեմս Ներսիսյանը։

Ցուցահանդեսի այցելուները ծանոթացան ցուցադրված աշխատանքներին, որոնցում ամփոփված էին ծանոթ ու հարազատ վայրերը՝ բնապատկերների, բնաշխարհի աննկարագրելի գույներով։