ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

15 երգչախումբ՝ Մանկավարժականի բեմում
19.12.2018
15 երգչախումբ՝ Մանկավարժականի բեմում

Երգչախմբային արվեստի միջազգային օրվա շրջանակներում Մանկավարժական համալսարանում հյուրնըկալվել էին 5 մանկական և 10 երիատասարդական երկսեռ և միասեռ երգչախմբեր:

Արդեն 5-րդ տարին անցկացվող երգչախմբային համերգն այս տարի բացառիկ էր իր մասշտաբով՝ 15 երգչախումբ՝ 375 մասնակից Երևանից, Էջմիածնից, Իջևանից, Ապարանից, Սիսիանից ու Ագարակից:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ», Սայաթ-Նովայի անվան, Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցների, Տավուշի թեմի մանկապատանեկան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և այլ երգչախմբեր համերգին կատարեցին հայ և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններից՝ յուրաքանչյուր երգչախումբ 2-ական կատարում:

ՀՀ մշակույթի նախարարության, Հայ երգչախմբային դիրիժորների, Հայաստանի փոքրիկ երգիչներ ասոցիացիաների ու ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Երաժշտության մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված համերգին Մանկավարժական համալսարանից մասնակցում էր «Ավե Մարիա» երգչախումբը:

Առավել հատկանշական է, որ 15 երգչախմբերը համատեղ կատարեցին Կոմիտասի «Ահա ծագեց կարմիր արև» ստեղծագործությունը:

Ի դեպ, ուղիղ միացումներով կապ էր հաստատվել նաև Ագարակի և Սիսիանի երաժշտական դպրոցների հետ, որոնք հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց կատարումները և հետևել համերգի ողջ ընթացքին: Համերգի ընթացքում անցկացվում էր նաև խաղ-վիկտորինա, որոնց հաղթողներին շնորհվեցի մրցանակներ:

Համերգին ներկա էին Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը, «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» ՀԿ նախագահ Քրիստինե Շերոյանն ու այլ հյուրեր:

Aspu.am-ի հետ զրույցում ՀՊՄՀ-ի Երաժշտության ամբիոնի դոցենտ, Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիայի փոխնախագահ Արտաշես Բաբուրյանը կարևորեց նման ձեռնարկի անցկացումը և հավելեց, որ 15 երգչախմբերի ելույթը մեկ համերգում ապահովեց ստեղծագործական հարուստ մթնոլորտ:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը շնորհավորեց մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց մանկավարժական համալսարանին հյուրընկալության համար: