ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2019 թ-ի «Լավագույն ընթերցող»-ը Ռիմա Զատիկյանն է
20.12.2019
2019 թ-ի «Լավագույն ընթերցող»-ը Ռիմա Զատիկյանն է

Արդեն 10 տարի` Մանկավարժական համալսարանում տարեվերջը նշանավորվում է նաև գրքի տոնով՝ «Լավագույն ընթերցող» մրցանակաբաշխությամբ:

Այս տարի ՀՊՄՀ-ի «Լավագույն ընթերցող»-ը Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Ռիմա Զատիկյանն է, որը պարգևատրվեց Արևմտյան Հայաստան մեկնելու հնարավորությամբ:

«Եթե ինձ հարցնեն՝ ի՞նչ կառույցով կարելի է դատել այս կամ այն բուհի մակարդակը, ես կպատասխանեմ՝ գրադարանով: Այն իր հագեցվածությամբ  ընթերցողներին հնարավորություն է տալիս քայլել ժամանակի ոգուն համապատասխան. այդ ինստիտուտը ցանկացած ուսումնական հաստատության մեջ կարևորագույնն է»,-նշեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ու շնորհավորեց լավագույն ընթերցողներին:

Ռեկտորը բարձր գնահատեց նաև գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցի և գրադարանավարների աշխատանքը և վստահեցրեց՝ առաջիկա տարում արդիականացվելու է գրադարանային համակարգը. «Այս բուհում է կոփվում ապագա ուսուցիչը, ուրեմն՝ այստեղից է կախված հայ դպրոցի և ժողովրդի ապագան»,-հավելեց ռեկտորը:

Մրցանակաբաշխության ընթացքում պարգևների արժանացան նաև բուհի 10 ֆակուլտետների և հիմնական ու ավագ դպրոցների լավագույն ընթերցողները՝ Արարատ Պետրոսյանը (ՀՊՄՀ-ի հիմնական դպրոց, 9-րդ դասարան), Սիմոն Հովհաննիսյան (ՀՊՄՀ-ի ավագ դպրոց, 12-րդ դասարան), Ջուլիետա Գրիգորյան (Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ), Դիանա Աղասյան (Սկզբնական կրթության ֆակուլտետ), Հռիփսիմե Մինասյան (Կուլտուրայի ֆակուլտետ), Լաուրա Մնացականյան (Օտար լեզուների ֆակուլտետ), Արևիկ Հակոբյան (Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ), Քրիստինե Աբրահամյան (Պատմության և իրավագիտության ֆակուլտետ, հեռակա ուսուցման իրավագիտություն բաժին), Հռիփսիմե Ավդալյան (Սկզբնական կրթության ֆակուլտետ), Հեղինե Փահլևանյան (Բանասիրական ֆակուլտետ): «Հմայքի մրցանակակիրը» Բանասիրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիդա Խաչատրյանն է: Մրցույթի շրջանակում որոշվում են նաև տարվա ընթացքում ամենաշատ ընթերցված գրքերի հեղինակները: Այս տարի 14. 500 անգամ պահանջվել են բանասիրական գիտությունների դոկտոր Լալիկ Խաչատրյանի հեղինակած գրքերը, իսկ հոգեբան Ալբերտ Նալչաջյանի հեղինակած գրքերը՝ 32. 000 անգամ:

«Գիրքն անփոխարինելի միջոց է կրթության և մտքի առողջացման համար. մարդն իր միտքը առողջացնելու համար գնում է գրադարան»,-նշեց ՀՊՄՀ-ի գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցն ու թվերով ներկայացրեց 10 տարիների արդյունքները՝ 178 լավագույն ընթերցող տարբեր ֆակուլտետներից և բուհի հիմնական ու ավագ դպրոցներից:

Լավագույն ընթերցողներին շնորհավորեցին նաև ֆակուլտետների դեկանները, հիմնական և ավագ դպրոցների տնօրենները և ուրախությամբ նկատեցին՝ ընթերցողների թիվը գնալով մեծանում է, ուրեմն՝ գիրք կարդալը նորաձև է բոլոր ժամանակներում: Վերջիններս հորդորեցին ամուր պահել գրքի հետ կապը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն յուրացնել դասընթացը, այլ ձևավորել աշխարհայացք, ունենալ հաջողություններ, լինել կիրթ ու բանիմաց: