ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2019 թվականի «Լավագույն ուսանող»-ը Տաթև Արշակյանն է
13.12.2019
2019 թվականի «Լավագույն ուսանող»-ը Տաթև Արշակյանն է

Մանկավարժական համալսարանում այսօր կրկնակի տոն էր. ընտրվում էր բուհի 2019 թվականի լավագույն ուսանողն ու նշվում Ուսանողական խորհրդի հիմնադրման 25-ամյակը: Ի դեպ, «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի հոբելյանական էր. այն անցկացվում է 10-րդ անգամ:

Բուհի 10 ֆակուլտետներից նախապես ընտրվել էին լավագույն ուսանողները, որոնք պարգևատրվեցին Արևմտյան Հայաստան ուխտագնացությամբ:

«Տարբեր առիթներով ասել եմ և ևս մեկ անգամ վստահեցնում եմ՝ Մանկավարժականում ամենակարևոր մարդը եղել է, կա և կլինի ուսանողը: Մենք անում ենք հնարավորը, որ համալսարանը լինի լավագույնը»,-շնորհավորելով ուսանողներին՝ նշեց ռեկտորն ու հորդորեց նախորդ տարիների լավագույն ուսանողների օրինակով համալրել բուհի աշխատակիցների շարքերը:

Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող մրցույթի հաղթողն այս տարի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Տաթև Արշակյանն է, որը կմեկնի Չինաստան:

Լավագույնին մրցանակը հանձնեց 10 տարի առաջ Մանկավարժական համալսարանի «Լավագույն ուսանող» ճանաչված Տաթև Ենոքյանը: Նա վստահեցրեց, որ շատ լավ է հիշում՝ ինչպես էր 2010 թվականին նույն սրտի թրթիռով սպասում, թե ով կդառնա «Լավագույն ուսանողը»:

«Ինձ համար մեծ պատիվ է, որ ես Մանկավարժական համալսարանի «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխության հաղթողն եմ և այսօր՝ 10 տարի անց, այս բեմում շնորհավորում եմ 2019-ի լավագույնին»,-նշեց Տաթև Ենոքյանն ու վստահեցրեց, որ հաճելի, բայց միաժամանակ պարտավորեցնող է «Լավագույն ուսանողի» տիտղոսը կրելը:

2019 թվականի «Լավագույն ուսանող» Տաթև Արշակյանը շնորհակալություն հայտնեց պարգևի համար և հավելեց. «Մեզնից յուրաքանչյուրն արժանի էր այս կոչմանը»:

Ուսանողուհին շնորհակալություն հայտնեց ՀՊՄՀ-ի վարժարանին, որտեղից սկսել է լավագույնը լինելու ձգտումը, հարազատ ֆակուլտետին և բուհի ղեկավարությանը՝ ուսանողակենտրոն քաղաքականության համար:

Ի դեպ, Տաթև Արշակյանը հասարակագիտություն մասնագիտության առաջին շրջանավարտներից է: Տոնական ցերեկույթն ուղեկցվեց համերգային ծրագրով. լավագույններին պարգևատրելու առթիվ իրենց կատարումներով շնորհավորեցին երգչուհիներ Սոֆի Մխեյանն ու Աննա Խաչատրյանը, երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո):