ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2021-2022 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման համակարգի ընդունելության սկզբունքներ
17.04.2021
2021-2022 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով առկա  ուսուցման համակարգի ընդունելության սկզբունքներ

Սիրելի դիմորդ, ծանոթացիր 2021-2022 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման համակարգի ընդունելության սկզբունքներին։ Մինչև դիմում-հայտը լրացնելը, ևս մեկ անգամ ծանոթացիր Մանկավարժական համալսարանի մասնագիտություններին ստորև։ 

Միասնական քննությունները և մասնագիտության հայտագրումն անցկացվում են երկու փուլով` առաջին և երկրորդ:
Առաջին փուլն ընդգրկում է՝
1) տվյալ տարվա ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկայի (առարկաների) առցանց հայտագրումը.
2) տվյալ տարվա հունիսին դիմորդների կողմից հանձնվող միասնական քննությունների հանձնումը։
Երկրորդ փուլը տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիների, զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկայի (առարկաների) առցանց հայտագրումն ու
տվյալ տարվա հուլիսին դիմորդների կողմից հանձնվող քննությունների հանձնումն է։

  • Դիմորդը կենտրոնացված, ներբուհական և առաջին փուլի միասնական քննությանը մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար ԳԹԿ-ի կայքում (dimord.am) ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը՝ մինչև ժամը 18:00-ն լրացնում է ընդունելության դիմում-հայտը (առցանց) եղանակով: Դիմորդը յուրաքանչյուր միասնական և կենտրոնացված քննության համար ԳԹԿ-ի հաշվեհամարին (900018003401) պետք է փոխանցի 1500 դրամ, իսկ ներբուհական յուրաքանչյուր քննության համար՝ Մանկավարժական համալսարանի հաշվեհամարին (Կոնվերս Բանկ 1930055618190100) 1500 դրամ:
  • Դիմորդն ընդունելության դիմում-հայտ լրացնելու համար դիմում է իր դպրոցի տնօրենին, դպրոցի տնօրենը գրանցում է շրջանավարտի տվյալները, ստուգում միասնական և կենտրոնացված քննության համար ԳԹԿ հաշվեհամարին փոխանցված համապատասխան գումարի անդորրագրի առկայությունը և տալիս ԳԹԿ անձնական համար:
  • Նախորդ տարիների, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ընդունելության դիմում-հայտերի լրացման գործընթացին օժանդակում և ԳԹԿ անձնական համար է տրամադրում նրա բնակության վայրին մոտ գտնվող և այդ նպատակով առանձնացված դպրոցը:
  • Դիմորդն ընդունելության դիմում-հայտում լրացնում է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների և ընդունելության քննությունների՝ ցանկով նախատեսված մեկ բուհի և մեկ մասնագիտության (կրթական ծրագրի) անվանումը, տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները: Ցանկի «Ընդունելության քննություններ» բաժնի սյունակում միասնական քննությունների առարկաները «կամ» բառով տարանջատված լինելու դեպքում դիմորդին թույլատրվում է ընտրել նշված ընդունելության քննություններից մեկը:
  • Ընդունելության դիմում-հայտերի տվյալների վերջնական մուտքագրումից հետո ԳԹԿ-ն պատրաստում է դիմորդների ցուցակները՝ ըստ քննական առարկաների և կենտրոնների:
  • Հաստատված ցուցակների հիման վրա դիմորդներին տրվում են միասնական քննությունների անցաթղթեր, որոնք ԳԹԿ-ն մինչև տվյալ տարվա մայիսի 30-ը ուղարկում է դպրոցներ, էլեկտրոնային եղանակով՝ դիմորդին։ Կենտրոնացված և ներբուհական քննություններ հանձնող դիմորդներին անցաթուղթը տրամադրում է բուհը:
  • Դիմորդը միասնական քննության անցաթուղթը ստանում է այն դպրոցից, որտեղից ստացել է ԳԹԿ անձնական համարը, իսկ ներբուհական քննության անցաթուղթը՝ դիմած բուհի ընդունող հանձնաժողովից:
  • ՀՀ երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների ընդունելության դիմում-հայտերն ընդունվում են երկրորդ փուլում՝ հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը` մինչև ժամը 17։00-ն:
  • Երկրորդ փուլի միասնական քննությունները կազմակերպվում են Երևանում:
  • Երկրորդ փուլի դիմորդները ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար դիմում են իրենց բնակության վայրին մոտ ԳԹԿի կողմից առանձնացված դպրոց՝ անձնական համար ստանալու: Դպրոցը երկրորդ փուլի դիմորդներին օժանդակում է դիմում-հայտերի լրացման ընթացքում:
  • Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները կարող են դիմել՝
    1) տվյալ տարվա ընդունելության մրցույթին` մինչև զորակոչվելն ստացած միասնական քննությունների վկայագրով
    մասնակցելու համար.
    2) տվյալ տարվա ընդունելության քննությանը մասնակցելու համար:
    Տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանք են ներկայացնում այն մասին, որ նրանց զորացրումը տեղի է ունենալու մինչև տվյալ տարվա հուլիսի 31-ը: Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողին տրված տեղեկանքը զորացրվող զինծառայողի կողմից տրված լիազորագրում նշված անձն առցանց եղանակով ուղարկում է ԳԹԿ: Մինչև հուլիսի 31-ը զորացրվող և քննություն հանձող զինծառայողը լիազորագրում նշում է բուհերի ընդունելության քննությունը և ընտրած մասնագիտությունը, իսկ վկայագիր ունեցող զինծառայողը՝ մրցույթին մասնակցելու համար վկայագրում առկա քննական առարկան և մասնագիտությունը, որոնք լիազորագրում նշված անձն առցանց եղանակով ընդունելության դիմում-հայտում հայտագրում է լիազորագրում նշված հերթականությամբ:
  • Դիմորդը դիմում-հայտի հետ ներկայացնում է`
    1) սույն կարգի 85-րդ, 89-րդ, 91-րդ և 92-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը.
    Կետ 85. Նպատակային ուսուցման դիմած դիմորդները բուհեր ընդունելության դիմում-հայտի հետ միասին ներկայացնում են համայնքի ղեկավարի կամ համապատասխան պետական մարմնի կողմից տրված տեղեկանք` նշված համայնքում կամ տվյալ պետական մարմնում կամ տվյալ պետական մարմնի ենթակայության կազմակերպություններում համապատասխան մասնագետ ունենալու պահանջի վերաբերյալ:
    Կետ 89. Ընդունելության քննությունը դրական միավորով հանձնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողները, ամուսինը (կինը), մինչև 27 տարեկան զավակները՝ համաձայն ՀՀ ՊՆ, ՀՀ ոստիկանության և ՀՀ ԱԱԾ  տված տեղեկանքների:
    Կետ 90. Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում`
    - 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները,
    - առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները։
    Կետ 91. Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդները՝ զորացրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝
    - ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով) անվճար ուսուցմամբ ընդունվում են՝ ըստ մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի: Մրցութային հավասար միավորների դեպքում մրցույթն իրականացվում է սույն կարգի 87-րդ կետի պահանջների համաձայն,
    - անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդը բուհի նույն մասնագիտության վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս,
    - տվյալ մասնագիտությունից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բանակից զորացրվածների համար անվճար տեղեր հատկացված չլինելու դեպքում, զորացրված դիմորդն անվճար ուսուցման մրցույթին մասնակցում է ընդհանուր հիմունքներով, իսկ վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս:
    Կետ 92. Առանց ընդունելության քննության Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով սահմանված դեպքերում, Ժաուտիկովյան, Մենդելեևյան և մեգապոլիսների օլիմպիադաների անհատական մրցանակակիրները, ինչպես նաև տարբեր մարզաձևերի գծով աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, օլիմպիական խաղերի մեդալակիրները՝ մրցանակն ստանալուց հետո երեք տարվա ընթացքում՝ ընդունելության դիմում-հայտում համապատասխան (առարկայական) մասնագիտություններ հայտագրելու դեպքում:
    2) միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմների էլեկտրոնային տարբերակը,
    3) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ լինելու դեպքում դիմորդը դիմում-հայտում կատարում է համապատասխան նշում,
    4) ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար բուհի հաշվեհամարին փոխանցված 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագրի էլեկտրոնային տարբերակը:
  • Առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ ներկայացրած դիմորդը կարող է փոփոխություններ կատարել կամ հրաժարվել ընդունելության դիմում հայտից՝ մինչև տվյալ տարվա մայիսի 10-ը` մինչև ժամը 18։00-ն:
  • Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները և օտարերկրացիները, տվյալ ուսումնական տարում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններն ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվողները և առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ընդունելության երկրորդ փուլի դիմում-հայտում փոփոխություններ կարող են կատարել՝ մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը` ժամը 17։ 00-ն։
  • Բուհերի ընդունելության մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ հիմնական և լրացուցիչ:
  • Հիմնական փուլի մրցույթն անցկացվում է մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) հայտագրմամբ:
  • Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկայից (առարկաներից) դիմորդն ունի դրական գնահատական (գնահատականներ), և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:
  • Հիմնական և լրացուցիչ փուլի մրցույթի անցկացման ժամանակ նախապատվությունը տրվում է տվյալ մասնագիտության քննություններից առավել բարձր միավոր (միավորներ) ունեցող դիմորդին:
  • Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Միասնական քննություններում դրական են համարվում 7.5 և բարձր միավորները: Բոլոր միավորները գնահատվում են հարյուրերորդական մասի պահպանմամբ` տվյալ առարկայի գնահատման չափանիշներով սահմանված քայլերին համապատասխան: Կենտրոնացված և ներբուհական քննությունների համար դրական են համարվում ութ և բարձր միավորները:
  • Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիմնական մրցույթի արդյունքները հաստատում է մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը:
  • Ներբուհական քննությունների արդյունքներով մրցույթն անցկացվում է համապատասխան բուհում: Մրցույթի արդյունքը հաստատվում է հանրապետական ընդունող հանձնաժողովում, որից հետո բուհի ռեկտորը հրամանագրում է ուսանողներին:
  • Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթի արդյունքները հաստատում է հուլիսի 30-ին:
  • Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից հիմնական և լրացուցիչ մրցույթների արդյունքները հաստատվելուց հետո դիմորդը բուհ է ներկայացնում`
    1) ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ կամ դիպլոմ (բնօրինակը).
    2) 1 լուսանկար (3 x 4 սմ չափսի).
    3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը.
    4) զինվորական գրքույկ (բնօրինակը)՝ առկայության դեպքում.
    5) սույն կարգի 89-92-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր»:

Սիրելի դիմորդ, այլ հարցերի դեպքում դիմրի Մանկավարժական համալսարանի  Ընդունող հանձնաժողով`հեռախոս՝ 010 59-70-69, կայք՝ www.aspu.am, Էլ. փոստ՝ dimord2021@aspu.am,  աշխատանքային ժամեր՝ 09.00-18.00