ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2800 դիպլոմ՝ մանկավարժների նոր սերնդին
15.07.2016
2800 դիպլոմ՝ մանկավարժների նոր սերնդին

Այսօր Մանկավարժական համալսարանի 2015-2016 ուսումնական տարվա շրջանավարտները ստացան ավարտական դիպլոմներ. փոխադարձ շնորհավորանքներ, մաղթանքներ, բարձր տրամադրություն, շնորհակալական խոսքեր:

Այս ուսումնական տարում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մագիստրատուրայի և բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման համակարգերի ավարտական վկայական ստացավ 2805 շրջանավարտ /այդ թվում՝ 16-ը ոչ պետական այլ բուհերից/, որից՝ մագիստրատուրան՝ 734 /առկա՝ 638, հեռակա՝ 96/ բակալավր՝ 2054 / առկա՝1309, հեռակա՝ 745/, իսկ գերազանցությամբ համալսարանն ավարտեց 206 բակալավր և 94 մագիստրոս:

Շրջանավարտներին դիպլոմներ հանձնեցին քննական հանձնաժողովների նախագահները, դեկաններն ու ամբիոնների վարիչները՝ մաղթելով անձնական ձեռքբերումներ, մասնագիտական հաջողություններ՝ ի նպաստ երկրի և մանկավարժական ոլորտի զարգացման:

Ողջույնի և շնորհավորանքի խոսքում նրանք բակալավրիատի շրջանավարտներին խորհուրդ տվեցին ուսումը շարունակել նաև մագիստրատուրայում՝ վստահեցնելով, որ այդ ընթացքում կամրապնդվեն ձեռք բերված կարողությունները, կխորացվեն մասնագիտական հմտությունները՝ գրանցելով գիտական նոր ձեռբերումներ մանկավարժության և այլ ոլորտներում:

Ֆակուլտետներից մի քանիսը հանդես եկան հետաքրքիր նախաձեռնություններով. Հատուկ կրթության, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետներում շրջանավարտներին ցուցադրվեց ուսումնառության տարիներն ամփոփող պատկերային ներկայացումներ, իսկ Սկզբնական կրթության ֆակուլտետի շրջանավարտները դիպլոմների հետ նաև մաղթանքներ ստացան՝ ուսումնառության տարիների պես գունագեղ, թղթերի վրա գրված բարեմաղթանքներ:

ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը միացավ օրվա առթիվ հնչած շնորհավորանքներին և բարեմաղթանքներին՝ ապագա մանկավարժներին հորդորելով սիրել երեխաներին:

2015-2016 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման քննությունների արդյուքնների վերաբերյալ aspu.am-ը զրուցեց Ուսումանկան գործընթացների գծով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանի հետ: Նա անդրադառնալով քննական գործընթացի դրական կողմերին՝ ընդգծեց, որ էլեկտրոնային համակարգով քննությունների անցկացման նոր կարգն արդարացրեց սպասելիքները, շրջանավարտները հանդես բերեցին մասնագիտական բարձր գիտելիքներ. իսկ մագիստրոսական թեզերի մեծ մասն էլ կրում էր գիտական բնույթ:

Պրոռեկտորը հավաստիացրեց, որ առաջիկա ուսումնական տարում ֆակուլտետների և ամբիոնների նիստերում կքննարկվեն հանձնաժողովների նախագահների առաջարկներն ու դիտողությունները և միջոցներ կձեռնարկվեն նկատելի թերությունները վերացնելու համար.«Կյանքի այս փուլը շրջադարձային, հիշարժան և անմոռանալի է լինելու յուրաքանչյուր շրջանավարտի համար: Հույս ունենք, որ ձեռք բերած գիտելիքները, մասնագիտական կարողություններն ու հմտությունները կծառայեն անչափ պատասխանատու մասնագիտական գորոծունեության ճանապարհին: Մանկավարժը եղել է, կա և կլինի երկրի կարևորագույն նշանակություն ունեցող մասնագետ, ով կրթում և դաստիարակում է մի ողջ ժողովուրդ»,-իր շնորհավորական խոսքում նշեց պրոռեկտոր Մհեր Մելիք- Բախշյանը:

Մանկավարժական համալսարանի 2800 շրջանավարտներից մի քանիսը փոխանցեցին իրենց և կուրսընկերների երախտիքի խոսքը՝ գիտելիքներով, մարդկային և մասնագիտական որակներով իրենց զինելու համար: Նրանք խոստացան ամուր պահել կապը հարազատ կրթօջախի հետ, որը հավատարիմ իր ուսանողակենտրոն քաղաքականությանը՝ առաջակցում է շրջանավարտներին զբաղվածության և մասնագիտական տարբեր խնդիրները լուծելու ճանապարհին: