ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«365 օր դպրոցում՝ աշակերտի և ուսուցչի հետ»
13.01.2022
«365 օր դպրոցում՝ աշակերտի և ուսուցչի հետ»

Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանն այսօր հանդիպեց 2021-2022 ուս.տարում ասպիրանտուրա ընդունված և հայցորդություն ձևակերպած դիմորդների հետ:

Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց հայցորդներին և ասպիրատներին՝ ընդգծելով, որ հանդիպման նպատակն է ուրվագծել ու նախանշել այն խնդիրները, որոնք կան ինչպես ուսումնական գործընթացի կազմակերպման, այնպես էլ դպրոց-բուհ համագործակցության ընթացքում։

Նա կարևորեց հանդիպմանը Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի պրոֆեսոր Վեսա Մատի Սարենիուսի մասնակցությունը՝ կարևորելով երկու բուհերի երկարամյա համագործակցությունն ու արդյունքները:

Ռեկտորի պաշտոնակատարն ընդգծեց, որ համագործակցության ընթացում վերանայվել են բուհի մասնագիտական կրթական ծրագրերը, ուսումնական պլանները, մասնագետների պատրաստման գործընթացը։ Բացի այդ, իրականացվել է դասախոսների, վարչական կազմի և ուսանողների փախանակում, ինչը պայմանավորել է որակական նոր շունչ դասավանդման և կրթության կազմակերպման տեսանկյունից։

«Այս տարի լրանում է բուհի 100-ամյակը։ Մեր կարգախոսը պետք է լինի «365 օր դպրոցում՝ աշակերտի և ուսուցչի հետ»։ Այսօր այն մեկնարկեց համար 135 հիմնական դպրոցում՝ Սկզբնական կրթության ֆակուլտետի կազմակերպած միջոցառմամբ»,-նշեց Սրբուհի Գևորգյանն ու այդ համատեքստում հայցորդներին և ասպիրանտներին հորդորեց զարգացնել մասնագիտական գործընթացները, որակական նոր շունչ հաղորդել և գործնական խնդիրները ձևավորել դպրոցում՝ ուսուցչի և աշակերտի հետ։

Ռեկտորի պաշտոնակատարը վստահեցրեց՝ իր ղեկավարման ընթացքում հետամուտ կլինի բոլոր այն խնդիրների լուծմանը, որոնք կառաջանան ասպիրանտների ու հայցորդների սպասելիքների և բուհի պահանջների ընթացքում։

Սրբուհի Գևորգյանը հույս հայտնեց, որ իրենց և ղեկավարների համատեղ մտահղացումները ոչ միայն մասնագիտական և անձնային աճ կապահովեն, այլև նոր որակ կհաղորդեն Մանկավարժական համալսարանի կրթական գործընթացի կազմակերպանը․ «Մանկավարժությունը, դասավանդման մեթոդիկան և հոգեբանությունն այն առաջնահերթություններն են, որոնցով ՀՊՄՀ-ն տարբերվում է այլ բուհերից»:

Մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը հույս հայտնեց, որ ուսումնառության տարիները հայցորդների և ասպիրանտների համար կլինեն բեղմնավոր, կլրացնեն նրանց գիտելիքները։

«Փորձը ցույց է տալիս, որ ասպիրանտները փոքր-ինչ դանդաղում են, և քչերն են իրենց սահմանված ժամկետներում պաշտպանում։ Վստահեցնում եմ՝ ամեն ինչ ձեզնից է կախված»,-նշեց պրոֆեսոր Թոփուզյանն ու հորդորեց լինել հետևողական, նպատակասլաց ու նախաձեռնող, որ կարողանան սահմանված ժամկետներում հասնել գիտական աստիճանի։

Պրոֆեսորը վստահեցրեց՝ բուհում ստեղծված են աշխատող մարդուն խրախուսելու, օգնելու և աջակցելու բոլոր պայմանները և ևս մեկ անգամ հիշեցրեց՝ Մանկավարժական համալսարանի առաքելությունը տարբերվում է այլ բուհերի առաքելությունից.«Լավ մասնագետը պիտի կարողանա իմացածը փոխանցել սովորողին, ուսանողին։ Որպես հայցորդներ և ասպիրանտներ՝ կրկնակի պատասխանատվություն ունեք. առաջին իսկ օրից աշխատեք, ճիշտ նպատակներ սահմանեք՝ ճանաչելով ինքներդ ձեզ»,-նշեց Աիդա Թոփուզյանն ու վստահեցրեց՝ միասին կհաղթահարեն խոչընդոտները։

Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Վարդանյանն էլ նկատեց՝ սա բակալավրական և մագիստրոսական կրթություն չէ, սա այլ որակ է, որի ընթացքում մարդն առանձնանում է իր հնարավորություններով, դրսևորում ինքնուրույնություն և պատկերացնում իր ապագան. «Դուք ձեռնամուխ եք լինելու վաղվա գիտնականի, ուսուցչի, դասախոսի գործունեությանը, և այդ տեսանկյունից մենք շատ ենք կարևորում այս գործընթացը և մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերում ձեր գործունեությանը»:

Հանդիպմանը ներկա էին նաև համալսարանի ճանաչված և հանրապետության գիտական կյանքում մեծ ավանդ ունեցող գիտնականներ: Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իգոր Կարապետյանը հայցորդներին և ասպիրանտներին հորդորեց օգտվել երիտասարդ գիտնականին ընձեռված հնարավորություններից՝ մասնակցել և գիտական ղեկավարներին ներգրավել միջազգային ծրագրերում, տպագրվել միջազգային ամսագրերում:

Պրոֆեսորը նկատեց՝ բուհը վերջին տարիներին ձևավորել է լավ ավանդույթ՝ ասպիրանտական առարկաններ դասավանդողները՝ հիմնականում դոկտորներ են, որոնցից ասպիրանտներն ու հայցորդները շատ բան ունեն սովորելու։

Հայոց պատմության ամբիոնի հայցորդ Ռուզան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանն ու աշխատակազմին՝ մշտապես խրախուսելու և մեծ հնարավորություններ ընձեռելու համար: Լիահույս է՝ ներկաներից յուրաքանչյուրն իր ոլորտում կանի առավելագույնը: