ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայտնի են «Նռնենի» ամենամյա միջբուհական փառատոնի հաղթողները
04.12.2024
Հայտնի են «Նռնենի» ամենամյա միջբուհական փառատոնի հաղթողները

Մանկավարժական համալսարանում ամփոփվեցին «Նռնենի» ամենամյա միջբուհական փառատոնի արդյունքները, կայացավ հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողություն։

Եռօրյա փառատոնը համախմբել էր 11 ուսումնական հաստատությունների տաղանդավոր երիտասարդների․պարգևներ հանձնվեցին երգի, պարի և ասմունքի ժանրերում։

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ողջունեց մասնակիցներին և ուրախությամբ նկատեց՝ բուհը հավատարիմ է իր առաքելությանը․ սիրով հարթակ է տրամադրում ուսանողական համայնքին՝ հետաքրքիր երկխոսություն և փոխշփում հաստատելու համար։ Նա մրցույթը կարևորեց անձի ստեղծագործական զարգացման, մասնագիտական և սոցիալական դաշտում ինքնադրսևորվելու տեսանկյունից։

Ռեկտորի կարծիքով՝ բուհի ստեղծագործական մասնագիտությունները յուրահատուկ հմայք են հաղորդում Մանկավարժական բուհին․ ի վերջո, մշակույթն է այն հիմնարար հենասյունը, որի վրա ձևավորվում է յուրաքանչյուրի ինքնության բաղադրիչն ու որին նաև միտված է բուհի առաքելությունը։

«Նռնենի»-ին կարևորեց և ուսանողական համայնքի համար մեծ իրադարձություն համարեց նաև Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանը։ 30-ամյա ուսանողական կառույցը նման մրցույթների միջոցով է պահպանում ավանդույթները՝ դառնալով երիտասարդներին միավորող կարևոր օղակ։

Մրցույթի ամփոփիչ օրը հայտնի դարձան նաև պարի ժանրում հաղթող մասնակիցները․ ժյուրին գնահատելով պարի տեխնիկան, հագուստի դիզայնն ու արտահայտչականությունը՝ 3-րդ տեղը հանձնեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներ նորայր Համբարձումյանին և Մանե Հայրապետյանին, 2-րդ տեղում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանող Անժելիկա Տոնոյանն էր, իսկ 1-ին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց ՀՊՄՀ ուսանող Քրիստիա Մանուկյանը։

Նշենք, որ նախորդ օրը կայացած ասմունքի մրցույթում 3-րդ տեղը զբաղեցրել էր ԵՊՀ-ի ուսանող Հրաչ Խալաթյանը, 2-րդ տեղում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Անահիտ Գրիգորյանն էր, իսկ 1-ին պատվավոր հորիզոնականում ՀՊՄՀ ուսանող Մանանա Մնեյանը։

Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանը, ամփոփելով մրցույթը, շնորհավորեց Ուսանողական խորհուրդներին հիմնադրման 30-ամյակի առթիվ և նրանց հանձնեց շնորհակալագրեր։