Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի առթիվ՝ Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները՝ ռեկտոր Սրբուհի Գևորգյանի գլխավորությամբ, միացան մայիսիննյան ավանդական երթին։
Աբովյանականները նախ ծաղկեպսակ դրեցին բուհի տարածքում գտնվող Արցախյան հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ապա շարժվեցին «Հաղթանակ» զբոսայգի։ Նրանք ծաղկեպսակ դրեցին անմար կրակի մոտ և գլուխ խոնարհելով`մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը:
Մայիսի 9-ը Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օրն է և նշանավորվել է 1992 թվականին Շուշիի ազատագրմամբ։
ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը, անդրադառնալով Հայրենական Մեծ պատերազմին հայորդիների մասնակցությանը, նշեց՝ մեր ժողովուրդը, ժամանակին լինելով փոքրաթիվ և ունենալով փոքրածավալ ռեսուրս, այդ մեծ հաղթանակում ունեցել է իր ծանրակշիռ դերը։ Նա մեկ անգամ ևս ապացուցել է, որ հայը ոչ թե անվտանգության սպառող է, այլ՝ կերտող, անվտանգային ճարտարապետության մասնակից՝ իր ողջ պատմության ընթացքում։
Պատմաբանը ցավով է նկատում՝ Երկրորդ աշխարհամարտից հետո էլ, երբ ջախջախվեց ֆաշիզմը, 21-րդ դարում, երբ մարդկությունը դիրքավորվում է որպես ավելի քաղաքակիրթ, մենք տեսնում ենք՝ մի կողմից գաղափարներ, կարգախոսներ մարդու իրավունքների մասին, մյուս կողմից՝ ցեղասպանական գործողություններ, էթնիկ զտումներ, մշակութային արժեքների ոչնչացում, այլատյացություն՝ աշխահի տարբեր կետերում։ Ամենավառ օրինակն, ըստ նրա, Արցախն է, որտեղ տարիներ առաջ եղան էթնիկ զտումներ, իսկ այսօր՝ մշակութային ցեղասպանության քաղաքականություն։
Էդգար Հովհաննիսյանն ասում է՝ հաղթանակ ունենալու համար, պետք է տրամադրվել այդ հաղթանակին․հստակ վճռականություն, գաղափարախոսություն, այդ հաղթանակին հասնելու մեխանիզմ։ Հակառակ պարագայում՝ դա կլինի հեռու թվացյալ մի բան․«Հաղթանակը միայն ռազմի դաշտում չէ․ դա վերջնական արդյունքն է, իսկ հաղթանակներ պետք են գիտության, տնտեսության, մշակույթի, արդյունաբերության բնագավառներում, ինչն էլ իր հետ կբերի սպասված հաղթանակին»։
Անդրադառնալով այդ գործում աբովյանականների դերին՝ պատմաբանը նկատում է՝ ապագա մանկավարժի կռիվը դպրոցում է, հաղթանակի արդյունքն ու հաղթանակը՝ որակյալ, գիտակից, գիտելիքներով զինված, դաստիարակված սերունդ կրթելը։