Մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ «Մեդիականացված մանկություն» խորագրով քարոզների մրցույթ։
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ձեռնարկն ընդլայնվել է՝ վերածվելով ուսանողական քարոզների և սոցիալական տեսահոլովակների մրցույթի։
Մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը նկատում է՝ մրցույթն ինքնանպատակ չէ․նպաստում է ուսանողների հաղորդակցական, համագործակցային կարողությունների զարգացմանը, սովորեցնում բացահայտել կրթության, մանկության ժամանակակից հիմնախնդիրները, ուսումնասիրել դրանք, գտնել պատճառները, կանխատեսել լուծման ուղիներն ու միջոցները․«Մրցույթը սովորեցնում է քննադատաբար վերլուծել մեր շուրջը կատարվող յուրաքանչյուր երևույթ, որը կարող է վնասել մեր երեխաներին, նրանց ապագային ու անվտանգությանը: Այն ստեղծագործելու, երևակայելու, նախաձեռնելու հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ուսանողի»,- նշեց պրոֆեսորը։
Այս տարի քարոզ-մրցույթին մասնակցել է բուհի 8 ֆակուլտետի 45 ուսանող․ հանձնաժողովի որոշմամբ՝ եզրափակչում «Լավագույն սոցիալական տեսահոլովակ» անվանակարգում իրենց աշխատանքները ներկայացրին 3, իսկ «Լավագույն քարոզ»-ով ելույթ ունեցան 5 մասնակիցներ։
«Լավագույն սոցիալական տեսահոլովակ» անվանակարգի մասնակիցներն իրենց աշխատանքներում ներկայացրել էին մեդիայի դրական և բացասական կողմերն ու ազդեցությունը երեխայի կյանքի, վարքի, հոգեկանի վրա։ Նրանք կարևորել էին մեդիագրագիտության անհրաժեշտությունը, անդրադարձել այդ գործում մանկավարժի, ընտանիքի դերակատարմանը, ավանդական խաղերը երեխայի կյանք վերադարձնելու կարևորությանը։
Բովանդակության համապատասխանությունը թեմային, ստեղծագործական երևակայություն, լսարանին գրավելու միջոցներ, երիտասարդ ուսուցիչներին ուղղված ուղերձ և այլն։ Հանձնաժողովը, առաջնորդվելով այս չափանիշներով, «Լավագույն սոցիալական տեսահոլովակ» անվանակարգում հաղթող ճանաչեց Սկզբնական կրթության ֆակուլտետի 3-րդ ուսանող Արուս Այվազյանին։
Ապագա մանկավարժն իր տեսահոլովակում ընդգծել էր՝ թվային դարաշրջանում պետք չէ երեխաներին զերծ պահել մեդիայից․պարզապես անհրաժեշտ է լինել մեդիագրագետ և մեծացնել նման սերունդ։
Այս անվանակարգում 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանող Նաիրի Մատինյանը, իսկ 3-րդ հորիզոնականում Օտար լեզուների ֆակուլտետի ուսանողներ Լիանա Բարսեղյանի և Սոսե Հարությունյանի համատեղ աշխատանքն էր։
«Մեդիականացված մանկությունն ունի բազում մարտահրավերներ, անչափ բարդություններ, վախեր։ Եվ ով, եթե ոչ մենք, պետք է գիտակցենք դա, փորձենք ոչ թե հանձնվել, այլ պայքարել, գտնել խնդրի լուծումը, ստեղծել մեդիա դաշտից միայն դրականը ֆիլտրելու գործիք, ծնողների և երեխաների հետ իրականացնենք մեծ աշխատանք»,- իր ելույթում նշեց Սկզբնական կրթության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող, «Լավագույն քարոզ» անվանակարգի հաղթող Կարինե Ավալյանն ու հավելեց՝ մեդիականացված մանկությունը մեզ ներկայացնում է մարտահրավերներ, միաժամանակ մեծ հնարավորություններ․ որպես ապագա մանկավարժներ, գիտակից մասնագետներ, պետք է գիտակցեն՝ որն են ընտրում։
Անվանակարգի մյուս մասնակիցները մեդիականացված իրականության վերաբերյալ իրենց քարոզներում խոսեցին մեդիամարտահրավերներին առերեսվելու և առկա խոչընդոընդոտները հաղթահարելու կարևորության, մանկավարժի պատասխանատվության, մեդիակոմպետենցիաներ ձևավորելու, մեդիաներից ճիշտ օգտվելու ահրաժեշտության, մեդիագործիքների համակցված և բալանսավորված օգտագործելու մասին։
Մրցույթի մասնակիցներին, հաղթողներին շնորհավորեց և հավաստագրեր հանձնեց ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը։
Նա ընդգծեց՝ տեղյակ են ոլորտի բացերին, ուրվագծում են դրանց հաղթահարման ուղիները, իսկ նման հարթակների միջոցով հնարավորություն տալիս ուսանողներին ևս բարձրաձայնելու, իրենց տեսակետը ներկայացնելու ամենատարբեր խնդիրների վերաբերյալ։