ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բարի երթ, վարժարանցիներ
01.09.2018
Բարի երթ, վարժարանցիներ

Սեպտեմբերի 1-ը տոնական էր նաև Մանկավարժական համալսարանի Հենակետային վարժարանի նորեկների համար:

137 աշակերտ վարժարանի 5 ենթահոսքերում՝ լրագրություն, անգլերեն, հոգեբանություն, ֆիզիկամաթեմատիկական և նկարչական. հոսքերի ընտրությամբ՝ վարժարանցիներն առաջին քայլերն են կատարում մասնագիտական կողմնորոշման ճանապարհին:

Իրենց նոր կրթօջախին նորեկներին ծանոթացրին ավագ վարժարանցիներն ու շրջանավարտները և վստահեցրին՝ այստեղ սովորելու տարիները լինելու են լավագույնները:

Մասնագիտական խաղերով ու յուրահատուկ ձեռնարկներով աշակերտական խորհրդի անդամները բացահայտեցին յուրաքանչյուր մասնագիտությանը բնորոշ առանձնահատկությունները, ապա ծանոթացրին դպրոցի կառուցվածքին, ավանդույթներին և խոստացան օգնել, որ կարողանան ձեռք բերել նոր հմտություններ և կարողություններ:

Աշակերտներին, ծնողներին և մանկավարժներին շնորհավորեց դպրոցի տնօրեն Նաիրա Սաֆարյանը՝ մաղթելով հաջողություններ և արդյունավետ ուսումնական տարի:

«Ներկայիս սերունդը տարբերվում է. պահանջկոտ է, ինքնուրույն և ձգտող՝ որոշումներ կայացնելու ճանապարհին: Ես վստահեցնում եմ, որ համատեղ աշխատանքի ընթացքում փորձելու ենք հաշվի նստել այս հիանալի սերնդի առաջարկների ու կարծիքների հետ՝ ավելացնելով վարժարանի ձեռքբերումներն ու հաջողությունները»,-նշեց Նաիրա Սաֆարյանն ու մաղթեց լուսավոր ճանապարհ, արգասաբեր և նվաճումներով, ձեռքբերումներով լի նոր ուսումնական տարի:

Տնօրենն ուրախությամբ է նկատում՝ տարեցտարի ավելանում է վարժարանի դիմորդների թիվը, ինչը և´ պարտավորեցնող է, և´ ոգևորող կրթության ոլորտի նվիրյալների համար:

Դերասան Արթուր Հակոբյանը վարժարան է ուղեկցել որդուն: Միանալով գիտելիքի օրվա առթիվ հնչած շնորհավորանքներին և մաղթանքներին՝ լրագրության հոսքի աշակերտներին խորհուրդ տվեց առավելագույնս օգտվել սովորելու հնարավորություններից. «Բարդ հարցերի, իրավիճակների և փաստերի առջև կկանգնեք մասնագիտական ճանապարհին, բայց սովորեք լինել մասնագիտությանը հավատարիմ»,-հորդորեց ապագա լրագրողներին և մաղթեց հաջողակ ու արդյունավետ ուսումնական տարի: