ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասախոսություն Փիթեր Քաուից
20.09.2019
Դասախոսություն Փիթեր Քաուից

Մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի մագիստրոսների համար դասախոսությամբ հանդես եկավ Լոս Անջելեսի (Կալիֆորնիա) ՅուՍիԷլԷյ համալսարանի հայագիտության ամբիոնի ղեկավար Փիթեր Քաուին: Դեկան Էդգար Հովհաննիսյանը ներկայացրեց ամերիկյան հեղինակավոր համալսարանի նույնքան հեղինակավոր ամբիոնի ղեկավարին՝ ասելով, որ միշտ էլ հետաքրքիր է լսել օտարազգի հայագետների մոտեցումները հայ ժողովրդի պատմության տարբեր շրջանների մասին:

Առանց մեթոդաբանության պատմություն չկա՝ հայագետն իր դասախորսությունն սկսեց 5-րդ դարի պատմիչի խոսքերը մեջբերելով: Դասախոսության թեման հայ միջնադարյան պատմամշակութային շրջանն էր, որը նա փորձեց ներկայացնել համաշխարհային աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում: Հայագետը վստահեցրեց՝ պատմամշակութային փաստերը պետք է ներկայացնել միկրո և մակրո դիտանկյուններից, որոնց միավորումից միայն կարելի է ստանալ համապարփակ, բազմաշերտ ուսումնասիրություն:

Փիթեր Քաուին խոսեց Հայաստանի, հայ ժողովրդի պատմության, գրականության ու մշակույթի տարբեր շերտերի մասին՝ սկսելով նախաքրիստոնեական շրջանից, 5-րդ դարից մինչև ուշ միջնադար՝ հանգամանորեն անդրադառնալով դրանց վրա համաշխարհային ազդեցություններին:

Փիթեր Քաուին ներկայացրեց Ալեքսանդրիան՝ որպես իր ժամանակների փիլիսոփայական մշակույթի կենտրոն և նրա ազդեցությունը հայոց աշխարհիկ կյանքի վրա: Խոսելով «Ալեքսանդր Մակեդոնացու սիրավեպը» հունարեն արձակ ժանրով գրված վիպասանության մասին՝ նա ընդգծեց, թե որքան կարևոր է աշխարհաքաղաքական ազդեցությունը միկրո աշխարհի վրա, և հանգամանորեն ներկայացրեց հելլենական, պարսկական և արաբական ազդեցությունների ներքո հայոց պատմության, մշակույթի և գրականության ընթացքը՝ ասվածը լրացնելով պատմական քարտեզների ցուցադրմամբ:

Հայերով և Հայաստանով հետաքրքրվելիս պետք է ունենանք ավելի լայն հայացք, որպեսզի հայագիտության մեջ կարողանանք ճիշտ արտահայտել մեր մոտեցումները՝ մեկուկես ժամյա դասախոսությունն այսպես ամփոփեց Փիթեր Քաուին՝ ապագա պատմաբաններին էլ հորդորելով՝ ճիշտ հարցադրումներով մոտենալ պատմությանը և երբեք չբավարարվել իմացածով: