ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

« Google Classroom-ը կրթական համակարգի ապագան է. այն պետք է ունենա հետագա զարգացում»
16.05.2018
« Google Classroom-ը կրթական համակարգի ապագան է. այն պետք է ունենա հետագա զարգացում»

Մանկավարժական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպվել էր Google Classroom գնահատման համակարգի գործարկման վերաբերյալ հանդիպում-քննարկում:

Ուսանողները հանդիպման հենց սկզբում ընդգծեցին այն կարևոր ձեռքբերումները, որոնք էականորեն բարելավել են ուսումնական պայմանները, գնահատման և կրթական համակարգը, այդ թվում նաև՝ Google Classroom էլեկտրոնային հարթակը՝ դասախոս-ուսանող փոխգործունեության, ուսումնական նյութերի տրամադրման և տարածման տեսանկյունից:

Սակայն ուսանողներն այն կարծիքին են, որ գնահատման համակարգի որոշ ցուցիչներ ոչ օբյեկտիվ են, ոչ արդյունավետ և առավել մանրամասն ներկայացրին հարթակի վերաբերյալ այլ դիտարկումներ ևս:

Բարձրաձայնվեցին նաև հանձնարարականների քանակի, դրանցով պայմանավորված և´ դասախոսների, և´ ուսանողների ծանրաբեռնվածության, վերջնաժամկետների վերաբերյալ հարցեր:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը համաձայնեց՝ համակարգի հետ կապված կան որոշակի խնդիրներ հանձնարարականների, գնահատման ցուցիչների հետ, սակայն պետք է աշխատանքային հանդիպումների միջոցով գտնել դրանց լուծման ուղիները և կատարելագործել համակարգը:

«Բուհը մշտապես բաց է քննարկումների, ուսանողների առաջարկների առջև: Մենք մշտապես վերլուծում ենք իրավիճակը, փորձում գտնել դրանից դուրս գալու ելքեր: Համակարգն ունի թերություններ, բայց պետք է շտկել դրանք, որ այն լինի օգտակար ու արդյունավետ: Google Classroom-ը կրթական համակարգի ապագան է և այն պետք է ունենա հետագա զարգացում»,-նշեց ռեկտորն ու վստահեցրեց, որ այն կիրառվում է աշխարհի առաջատար համալսարաններում:

Ռուբեն Միրզախանյանն ուսանողներին և դասախոսներին հորդորեց կազմել խմբեր, գործողությունների ու քայլերի պլաններ և ներկայացնել առաջարկներ՝ հաշվի առնելով մասնագիտական առանձնահատկությունները. «Իմ աշխատանքում մշտապես կարևորել եմ ուսանողների հետ համագործակցությունը և վստահ եղել, որ դուք այդ հարցում կարևոր աջակիցներից կլինեք»,-հավելեց ռեկտորը:

Համակարգի վերաբերյալ ելույթներ ունեցան նաև դասախոսներ, համակարգի կիրառման արտասահմանյան փորձ ունեցող ուսանողներ՝ ներկայացնելով դրա ուժեղ և թույլ կողմերը, կարևորությունն ու վերանայման անհրաժեշտ ուղղությունները:

Բուհի ղեկավարությունն ու նախաձեռնության մասնակիցները համակարծիք են՝ հանդիպումը կառուցողական էր, ինչը կնպաստի նոր ուսումնական տարվան ընդառաջ կատարելագործել Google Classroom համակարգը՝ նպաստելով դրա արդյունավետ կիրառմանը: