Ամփոփվել են ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2024 թվականի մրցույթի արդյունքները:
Հասարակագիտության ոլորտում 1-ին հորիզոնականն է զբաղեցրել ՀՊՄՀ Սկզբնական կրթության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Արուս Այվազյանը, իսկ բնագիտության ոլորտի 2-րդ հորիզոնականը՝ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի մագիստրոս Վարդուհի Վարդանյանը։
Մրցույթում Հայագիտության ոլորտի 3-րդ հորիզոնականները զբաղեցրել են Բանասիրական ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ և մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Սուսաննա Չարչյանն ու Մերի Առաքելյանը։
Նշենք, որ «Լավագույն ուսանող» մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել բուհերի այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում։
Մրցույթի նպատակն է նաև խթանել ուսանողների առաջադիմության բարձրացմանը, նրանց մասնակցությունը և ձեռքբերումները մասնագիտական ոլորտներում։
aspu.am-ի հետ զրույցում Հասարակագիտության ոլորտում 1-ին հորիզոնականը զբաղեցրած Արուս Այվազյանն իր հաղթանակները պայմանավորեց Մանկավարժական մայր բուհում ստացած որակյալ կրթությամբ։ Ընդգծեց՝ այստեղ են ձևավորվում կուռ արժեքներ, որոնք ոգեշնչում են ուսանողին ոչ միայն ուսման մեջ, այլև կյանքում՝ լինելու նպատակասլաց, համառ, սերմանում կրթության հզոր ուժը․«Վստահ եմ՝ այս հաջողությունը ուղեգիծ կլինի հաջորդ հաղթանակների և ձեռքբերումների նվաճման համար»։