Խոր վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՊՄՀ Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի պրոֆեսորի պաշտոնակատար, կենսաբանական գիտությունների դոկտոր Վարուժան Հովհաննիսյանը։
Վարուժան Հովհաննիսյանը ծնվել է 1952 թվականին։ 1981 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի Կենսաբանության և քիմիայի ֆակուլտետը։
1981-1982 թթ. կենսաբանության ուսուցիչ է աշխատել Մասիսի շրջանի Դարակերտ գյուղի միջնակարգ դպրոցում, 1982-1997 թթ. ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող էր, իսկ 1997 թվականից մինչ օրս աշխատում էր հարազատ բուհում։
Վարուժան Հովհաննիսյանը զբաղվում էր էկոլոգիական կրթության և դաստիարակության հարցերով: Դասավանդում էր հիդրոէկոլոգիա, երկրաէկոլոգիա, կենսոլորտի երկրաքիմիա-երկրաֆիզիկա, Էկոլոգիական ֆիզիոլոգիա, արդյունաբերության էկոլոգիա, բնագիտության ժամանակակից հայեցակարգ, էկոլոգիական փորձագիտություն, բնաօգտագործման կառավարում և այլն։
92 հրատարակված գիտական աշխատանքի՝ 6 գրքի և 1 մեթոդական ձեռնակի հեղինակ էր։
Վարուժան Հովհաննիսյանը վայելում էր պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների սերն ու հարգանքը: Իր մասնագիտական փորձն ու գիտելիքներն անմնացորդ նվիրում էր երիտասարդ սերնդին։
Մանկավարժական համալսարանի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը ցավակցում է Հովհաննիսյանների ընտանիքին՝ Վարուժան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ:
Վաստակաշատ մանկավարժի և գիտնականի հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում:
Վարուժան Հովհաննիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 12-ին՝ ժամը 17:30-20:00-ն, Ջրվեժի «Անդորր» սգո սրահում։