ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Լուսանկարչությունը իմ զգացմունքների արտահայտման միջոցն է»
06.04.2018
«Լուսանկարչությունը իմ զգացմունքների արտահայտման միջոցն է»

«Ճամփորդություն գեղեցիկի հետքերով...» խորագրով ցուցահանդեսը նվիրված է գարնան գալստյանն ու վերածննդին: Լուսանկարների հեղինակը ՀՊՄՀ-ի Միջազգային համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Աննա Հախումյանն է, որը սիրողական լուսանկարչությամբ է զբաղվում արդեն 6 տարի: Երկու տարվա աշխատանքի արդյունքում ստեղծված, ցուցահանդեսում ներկայացված 36 լուսանկարի հեղինակը դրանք ներկայացրել է 6 խորագրով՝«Երկիրս», «Ընկերներս իմ աչքերով», «Քայլելիս», «Իտալիայի արևի տակ» և «Մոնտենեգրո»:

«Սերը դեպի ֆոտոխցիկը սկսվել է այն ժամանակ, երբ կյանքիս մի փուլում հասկացա, որ ունեմ կուտակված զգացողություններ, որոնք ցանկանում եմ արտահայտել լուսանկարների միջոցով: 2010 թվակականին ԱՄՆ-ում առաջին անգամ նկարեցի առաջին լուսանկարս՝ ծաղիկներ»,- ասաց Աննա Հախումյանը:

Այս ցուցադրությունը հեղինակի անհատական, սիրողական երկրորդ ցուցադրությունն է: Աննա Հախումյանը ներկայացված բոլոր լուսանկարներն էլ սիրում է, սակայն առանձնացրեց «Սպիտակ զգեստով աղջիկը» լուսանկարը, որին ամեն անգամ նայելիս վերապրում է դրական ու հաճելի զգացողություններ:

«Սիրում եմ, երբ իմ լուսանկարները մարդկանց մոտ ժպիտ ու դրական էմոցիաներ են արթնացնում, դա ինձ համար ամենակարևորն է: Լուսանկարչությունը իմ զգացմունքների արտահայտման միջոցն է. ամեն մի լուսանկար ինձ համար մի պատմություն է, ճակատագիր...: Սիրում եմ լուսանկարել կյանքն իր ողջ անցուդարձով, չունեմ բեմադրած լուսանկարներ, բոլորը պատահական են արված»,- ասաց Աննա Հախումյանը: Հեղինակը նշեց, որ մոտ ապագայում ավելի լայն լսարանի համար պատրաստվում է հանդես գալ անհատական սիրողական ցուցահանդեսով, որտեղ ներկայացված կլինեն նրա բոլոր աշխատանքները: