ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նշեցին հոգեբանի մասնագիտական տոնը
22.11.2024
Նշեցին հոգեբանի մասնագիտական տոնը

«Հոգեբանությունը ամենաերիտասարդ գիտություններից մեկն է, և այնուամենայնիվ, հոգեբանի գրագետ աշխատանքի շնորհիվ աշխարհում ավելի շատ մարդիկ են երջանիկ դառնում, ովքեր հավատում են իրենց ուժերին և գիտեն, թե ինչպես հաղթահարել իրենց թույլ կողմերը»․ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզան Պետրոսյանը շնորհավորեց ուսանողներին ու գործընկերներին՝ մաղթելով, որ նրանց գիտելիքները, անկեղծ և բարի վերաբերմունքը կյանքը դարձնեն ավելի հանգիստ, հետաքրքիր և երջանիկ։

Մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետում նշեցին հոգեբանի մասնագիտական տոնը։ Ֆակուլտետի սրահում ներկայացրել էին դասախոսների հեղինակած գրքերը, ինչպես նաև  ուսանողների ստեղծագործական աշխատանքները՝ նկարներ, որոնցում    պատկերված էին  հոգեբանական տարբեր իրավիճակներ։

Դեկանը պրոֆեսորադասախոսական կազմին և ապագա հոգեբաններին շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ՝ ասելով․«Հոգեբանությունն ուսումնասիրում է մարդու հոգեկանը, բայց հոգեբանը ինքն իր մեջ պիտի կրի հոգեբանությունը որպես գիտություն»։

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, փաստեց՝ գիտություն, որը գործ ունի այն շքեղ գունապնակի հետ, որտեղ արտահայտվում է մարդու հոգեկանի, հոգեկան գործընթացների, հոգեվիճակների, անձի անհատականությունների ու հարաբերությունների, միջանձնային փոխազդեցությունների և այլ դրսևորումները։

Դիմելով ուսանողներին՝ ռեկտորը թվեց հեղինակների անուններ, որոնք ուսումնառության տարիների ընթացքում «տիրելու են նրանց մտքին, սրտին, ապա մասնագիտական ձեռագրաբանությանը», և վերջում, նրանք իրենց մասնագիտական նախապատվությունների ու հետաքրքրությունների ճանապարհին ունենալու են ուսումնասիրության մասնագիտական հստակ  տիրույթ։

Ռեկտորը մաղթեց ուսանողներին՝ լինել ներդաշնակ նախ  իրենց անձի, ապա նաև սոցիալական այն տիրույթի հետ, որտեղ ներկայացնելու են իրենց կարողությունները, հասնեն հաջողությունների, որոնք պրոֆեսիոնալ մակարդակում կգերազանցեն հանրապետության հոգեբանական հանրույթի ձեռքբերումներին։

Ելույթ ունեցան և մասնագիտական տոնի առթիվ բարեմաղթանքներ հղեցին ֆակուլտետի դասախոսները՝ հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտներ Լիլիթ Լաչինյանը, Մարիաննա Ավետիսյանը, Սոնա Մակիչյանը, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելս Մկրտումյանը։ Նրանց ելութները տոգորված էին հոգեբանի մասնագիտության հանդեպ սիրով ու նվիրումով։

 «Սիրեք ձեր մասնագիտությունը և եղեք պիտանի ձեզ և մեր հասարակությանը»,-ասաց Սոնա Մակիչյանը, Մելս Մկրտումյանն էլ ընդգծեց՝ մասնագիտական, կիրառական առումներով բոլորին է պետք մեր ներկայությունն ու պրակտիկ աշխատանքը։  

«Առաջին հերթին պետք է լինել մարդ և սիրել մասնագիտությունը, որի բոլոր անկյունները դեռևս ուսումնասիրված չեն։ Ապագան պատկանում է ձեզ»,- ուսանող հոգեբաններին դիմեց Մկրտումյանը՝ նրանց հորդորելով մասագիտական զարգացման անընդհատ շարունակականություն։

Այնուհետև ռեկտորը առաջարկեց ուսանողներին՝ ներկայացված նկարների շուրջ անել իրենց հոգեբանական վերլուծություններն ու մեկնաբանությունները։

Նկարների մեծ մասում պատկերված աչքերը, դասախոսի ներկայացամբ, խորհրդանշում էին «մենք թերևս տեսնում ենք ավելին, քան ցույց ենք տալիս» գաղափարը։ Նկարներում հոգեբանների ներքին էությունն էր ցուցադրված՝ աշխարհին ինչ-որ չափով տեսանելի ներքին հայելին։ Ըստ ռեկտորի՝ դինամիկ հոգեվիճակներ էին արտացոլված նկարների մեծ մասում, ըստ հոգեբանների՝ գերիշխող սև, վարդագույն, մոխրագույն, սպիտակ գույներն արտահայտում էին կոնկրետ հուզական վիճակներ։ Գույների հոգեբանության որոշակի կարողությունների օգնությամբ ուսանողները մեկնաբանեցին նկարներում արտահայտված տագնապը, ճնշվածությունը և այլ հոգեկան վիճակները՝ գործնական հարթությունում ներկայացնելով իրենց տեսական գիտելիքները։