ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աբովյանականների աշխատանքները` Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում
29.04.2021
Աբովյանականների աշխատանքները` Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում

Բնություն, պատմամշակութային արժեքներ, կյանքի տարբեր դրվագներ ու մարդկանց պատկերող լուսանկարներ, որոնցից յուրաքանչյուրի մեջ մի կտոր Հայաստան ու շատ սեր կա. ապրիլի 25-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում բացվեց ՀՊՄՀ Գեղարվեստական լուսանկարչության բաժնի ուսանողների աշխատանքների «Իմ սեր, իմ Հայաստան․․․» խորագրով ցուցահանդեսը։

Ուսանողների աշխատանքներից բացի, ներկայացված են նաեւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադայի լուսանկարները։

Ալավերդու պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը ցուցահանդեսի բացման առիթով շնորհավորեց Մանկավարժական համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին՝ նշելով, որ հերթական անգամ արվեստի հաջողված գործեր են ներկայացվում ալավերդցի հանդիսատեսին։

ՀՊՄՀ Գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Երզնկյանն իր խոսքում նշեց, որ մեծ պատասխանատվությամբ են պատրաստվել Ալավերդիում բացվելիք ցուցահանդեսին։ 

«Թեպետ Լոռիում չեմ ծնվել, բայց ինձ լոռեցի եմ համարում։ Ինձ համար Ալավերդին և տեղի հանդիսատեսը միշտ տարբերվել են։ Ցուցահանդեսը Գյումրիից հետո այստեղ ենք բերել, իսկ ընդհանրապես ցուցահանդեսներ ենք ունեցել Շուշիում, Գորիսում, Երեւանում, Վանաձորում եւ այլ քաղաքներում։ Շրջում ենք տարբեր մարզերով ու կարծես հաշվետվություն ներկայացնում, որպեսզի մարզի բնակիչներն էլ իմանան, թե ինչ է կատարվում այս ոլորտում։ Բացի այդ, գուցե լինեն երիտասարդներ, որոնք կցանկանան սովորել, գեղարվեստական լուսանկարիչ դառնալ և կգան մեր բուհ՝ կրթություն ստանալու, մասնագետ դառնալու»,- նշեց Ռուբեն Երզնկյանը։

Ուսանողուհի Մոնիկա Նահապետյանը նշում է, որ նման ցուցահանդեսները նախ մոտիվացնող են. աշխատանքներն արդեն արժանանում են այլ մարդկանց ուշադրությանը ներկայացվելու։ Բացի այդ, ցուցադրությունը պարտավորեցնող է, որ ուսանողներն ավելի շատ սովորեն, աշխատեն:

Ուսանողներից Լիանա Բալասյանը լոռեցի է և մեծ պատիվ է համարում ծննդավայրում իր աշխատանքները ներկայացնելը. «Չկա մի չափանիշ, որին հասնելուց հետո ասես՝ վե՛րջ, բավական է։ Պետք է անդադար աշխատել, սովորել, գտնել եւ կանգ չառնել»,- հավելում է ուսանողուհին:

«Իմ սեր, իմ Հայաստան․․․» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողության ավարտին Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի տնօրենը շնորհակալագրով պարգևատրեց Մանկավարժական համալսարանի 11 ուսանողիր, իսկ Ալավերդու համայնքապետի շնորհակալագրով՝ ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին ու դասախոսներին։

Նշենք, որ Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 25-ը: