ՀՊՄՀ-ի Ուսանողական խորհուրդը հաճախ է հյուրընկալվում հանրապետության դպրոցներում․այս անգամ աբովյանականները Վանանդի միջնակարգ դպրոցում էին։
Այցի նպատակն էր խթանել դպրոց-բուհ սերտ համագործակցությանը, նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը։
Տնօրեն Հայկ Խաչիկյանի ուղեկցությամբ՝ ուսանողները շրջայց իրականացրին դպրոցում, ծանոթացան հարուստ ավանդույթներով լի կրթօջախին, դասապրոցեսին և ուսումնական առօրյային։
Հանդիպման ընթացքում աբովյանականները ներկայացրին մեկդարյա մանկավարժական բուհը, մասնագիտությունները, ուսումնական գործընթացի
մանրամասներ։ Այցը գերհագեցած էր՝ հոգեբանական թեստերից մինչև սուրդոմանկավարժություն։
Ուսանողական և աշակերտական խորհուրդների մասնակցությամբ անցկացվեց նաև կլոր սեղան-քննարկում՝ ընդգծելու երկկողմ համագործակցության արդյունավետության և փորձի փոխանակման նշանակությունը։
Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանը ներկայացրեց Մանկավարժական համալսարանի կրթական ծրագրերը, մասնագիտությունների լայն շրջանակը, ընդգծեց մանկավարժի մասնագիտության արժևորման անհրաժեշտությունը ժամանակակից կրթական համատեքստում։ Վանանդի միջնակարգ դպրոցի սաները ծանոթացան նաև ուսանողական կառույցի գործունեությանը։
Այցի ամփոփիչ փուլում ուսանողներն ու աշակերտները միացան հայկական ազգային պարերի կատարմանը՝ վերահաստատելով մշակութային ինքնության և արժեքների պահպանման կարևորությունը։
Դպրոցականները շնորհակալություն հայտնեցին համագործակցության, գիտելիքի և ջերմության համար։ Ուրախ կլինեն շարունակել համագործակցությունը․ վստահ են՝ այն կծառայի իր նպատակին։
«Ուսանողական խորհուրդը բարձր է գնահատում նման ձևաչափով հանդիպումների դերը՝ դրանք դիտարկելով արդյունավետ հարթակ՝ կրթական համագործակցությունը խորացնելու և աշակերտներին մասնագիտական կողմնորոշմանն աջակցություն ցուցաբերելու համար»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց ՈՒԽ նախագահ Պարույր Գալստյանը։