ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Աղոթքը մենախոսություն չէ». Տ. Նշան քահանա
13.03.2018
«Աղոթքը մենախոսություն չէ». Տ. Նշան քահանա

«Աղոթքի գերագույն նպատակը մարդու և Աստծո մտերմությունն է, որը հնարավոր է նույնիսկ սակավաթիվ բառերով»,-Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանը նշեց Տ. Նշան քահանա Ալավերդյանն ու խոսեց աղոթքի նպատակի, ուժի ու հավատքի կարևորության մասին:

Քահանան ափսոսանքով է նկատում, որ մարդկանց մեծ մասը թողել է աղոթքը՝ կարծելով, թե այն մենախոսություն է և չկա դրա պատասխանը. «Խոսում ենք հավատքից, բայց ամենաքիչն ենք մտածում այն մասին, թե ո՞ւմ ենք աղոթում, աղոթելիս ու՞մ ենք դիմում: Աղոթքը մենախոսություն չէ, աղոթելիս շփվում ենք աստվածային զորության հետ»,-նշեց նա:

Տ. Նշան քահանա Ալավերդյանն անդրադարձավ նաև տարբեր կրոնների աղոթքներին և ևս մեկ անգամ ընդգծեց, որ քրիստոնեությունն առանձնանում է մի կարևորագույն սկզբունքով՝ միակն է, որ բխում է անձից:

Մեջբերելով Գրիգոր Նարեկացուն՝ նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ աղոթքը հոգու շնչառությունն է, ժամադրություն Աստծո հետ, որի նպատակն է մտքով նրա հետ լինելը:

Հանդիպմանը ներկա էր նաև բուհերի հոգևոր պատասխանատու Գեղամ սարկավագը, ով վստահեցրեց՝ հեգևորականների հետ նման հանդիպումները կնպաստեն, որ երիատասարդներն արժևորեն աղոթքի ազդեցությունը, ներգործությունն ու կարևորությունը մարդու կյանքում:

Աղոթքի հոգեբանական ազդեցությունների և գիտական ուսումնասիրությունների մասին էլ ներկայացրեց Հոգեբանության ամբիոնի դասախոս Նաիրա Հարությունյանը և վստահեցրեց, որ աղոթքի ժամանակ մարդն ավելի լավ է իրեն կառավարում: Նա անդրադարձավ նաև բժշկության մեջ նոր ուղղությանը՝ աղոթքի միջոցով դիստանցիոն բուժմանը և ներկայացրեց որոշ փորձերի արդյունքներ: