ՀՊՄՀ-ի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ անցկացվեց «Ահաբեկչությունը որպես գլոբալ խնդիր» խորագրով միջբուհական գիտաժողով, որին մասնակցում էին նաև ԵՊՀ-ի ուսանողները:
Ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն անդրադարձավ ժամանակակից աշխարհի ահաբեկչական խմբավորումներին ու նրանց գործունեությանը, մասնավորապես՝ աշխարհին սպառնացող Իսլամական պետության ահաբեկչական գործողություններին:
Դեկանը նկատեց, որ այդ համատեքստում Հայաստանն ու ն Սփյուռքը ևս գտնվում են ռիսկային գոտում.«Միջազգային ահաբեկչության թեման կարևոր է, ուսումնասիրման ենթակա և խիստ հրատապ.այդ առումով ողջունելի է, որ թեմայի ընտրությունը»:
Պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանն անդրադարձավ երևույթի մեկնաբանությանն ու պատմական զարգացման խնդիրներին՝ նկատելով, որ ահաբեկչությունը տարբեր գիտությունների կողմից յուրովի մեկնաբանվող թեմա է, ապա անդրադարձավ հոգեբանական այն գործոններին, որոնք պարարտ հող են նախապատրաստում ահաբեկչական գործընթացների համար.«Ահաբեկչությունները տարբեր են՝ քաղաքական, տնտեսական, տեղեկատվական, հոգեբանական, որոնք ունեն հստակ խնդիրներ ու նպատակներ՝ առաջին հերթին ուղղված պետականության, քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության դեմ: Ցավոք, հանրային գիտակցության մեջ այսօր կա այդ երևույթի ոչ համապատասխան ընկալում, ինչը փաստում են նաև սոցհարցումները»:
Միջբուհական գիտաժողովի ընթացքում զեկուցողներն անդրադարձան ահաբեկչության պատմությանը, միջազգային արդարադատությանը, իսլամական ծայարհեղությանը, որպես գլոբալ խնդիր՝ ահաբեկչության հիմքերին և արդի դրսևորումներին, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին և այլ թեմաներին: