ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ալինա Գրիգորյան
11.02.2020

Կամք կամ հաջողություն՝ հարմարավետության գոտուց դուրս

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ, Սոցիալական մանկավարժություն բաժին, 4-րդ կուրս

Հաջողության հասնել ցանկանում են բոլորը, այդ թվում և ես: Անցած տարի իմ կյանքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը գլխիվայր շրջեց հաջողության մասին իմ պատկերացումները:

2018 թվականի մայիսն էր, ՀՊՄՀ-ի 2-րդ կուրսում էի սովորում։ Համալսարանում էլի հայտարարեցին հերթական «Ամառային դպրոց» ուսանողների միջազգային փոխանակման ծրագրի մասին։ Ծրագրի մասին գիտեի դեռևս առաջին կուրսից, սակայն չէի դիմել՝ վախենալով ձախողել ընտրական փուլը, փորձել նոր, ինձ անծանոթ մի բան:

Հայտադիմումի լրացման վերջնաժամկետը մոտ էր, նորից հայտարարություն արվեց։ Իրարամերժ մտքերը խառնվեցին գլուխումս։ Որոշեցի այնուամենայնիվ դիմել ու վերջին օրով լրացրի հայտադիմումը՝ ոչ մի լուրջ բանի չսպասելով (նախ` անցնելու հույս չունեմ, և հետո` անցնելու դեպքում էլ ծնողներս թույլ չեն տա գնալ արտերկիր)։

Եկավ հարցազրույցի օրը։ Հարցազրույցին ներկայացա կոստյումով ու շատ լուրջ դեմքով, պատասխանեցի բոլոր հարցերին, չնայած` պատասխաններս շատ անփույթ էին: Դուրս եկա քննական սենյակից աննկարագրելի ուրախ ու թեթևացած, քանի որ խիզախել էի գոնե փորձել:

Երկու շաբաթ անց տեղեկացա, որ ընտրական փուլը հաղթահարել եմ և պետք է մասնակցեմ վիճակահանության՝ հյուրընկալող երկիրը պարզելու համար։ Եվ ի՞նչ, իմ վերցրած թղթի կտորի վրա գրված էր աշխարհի լավագույն կրթական համակարգ ունեցող երկրներից մեկը՝ Ֆինլանդիան՝ իր Օուլուի համալսարանով։ Ինձ տրված էր հնարավորություն, որի մասին նախկինում միայն կարող էի երազել։ Առաջին անգամն էր, որ կարողանում էի զգալ կամքիս հզորությունն ամբողջապես՝ հոգով, սրտով և էությամբ։ Ո՞վ կպատկերացներ, որ կյանքիս լավագույն օրերի մի մասը պիտի ապրեի «բացարձակապես անծանոթ» մարդկանց հետ, որոնց մեջ և պիտի գտնեի ամենածանոթներին։ Ծրագրի տևողությունը մեկ շաբաթ էր, բայց ստացած դասերը միայն մի շաբաթ չէր, որ պիտի կիրառվեին:

Ու հիմա իմ կյանքը բաժանվում է երկու մասի՝ այս իրադարձությունից առաջ և հետո։ Ամառային դպրոցը միանշանակ ֆորմալ անունն է, սա դպրոց է, որում գլխավոր դերակատարը կամքն է։

Արդեն 3-րդ կուրսում եմ սովորում։ Այլևս չունեմ սխալվելու, կորցնելու ու չհաջողելու վախ, հիմա ես ունեմ միայն ուսուցողական հնարավորություններ: