ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամանորյա համերգ՝ ուսանողների և դասախոսների մասնակցությամբ
17.12.2024
Ամանորյա համերգ՝ ուսանողների և դասախոսների մասնակցությամբ

Կուլտուրայի ֆակուլտետի երաժշտության ամբիոնը հանդես եկավ ավանդական տարեվերջյան ամանորյա համերգով: Այն կարծես յուրատեսակ հաշվետվություն էր, ուր միավորված էին ուսանող-դասախոս համատեղ աշխատանքը, արվեստի դասական ու ժամանակակից տարրերը։

Համերգին ներկա էին դասախոսներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ, երաժշտասերներ:

Ուսանողների և դասախոսների անհատական և խմբային կատարմամբ հնչեցին բազմաոճ ստեղծագործություններ՝ հայկական ժողովրդական երգերից մինչև փողային գործիքային համարներ, որոնք բացահայտում էին մեր երկրի ժողովրդական ավանդույթները, համաշխարհային ճանաչում վայելող հայ ստեղծագործողներին:

Առնո Բաբաջանյանի «Սերենադ», Խաչատուր Ներսիսյանի Ռապսոդիա «Սյունիք», Ծովինար Հովհաննիսյանի և Շուշանիկ Սաղաթելյանի «Դիլիջանի», Ֆրենկ Սինատրայի “Strangers in the night”, Շուստակովիչի «Վալս համար 3» և ամանորյա այլ հայտնի հիթեր, որ հանդիսատեսը վայելեց նվագարանների կատարմամբ:

Նշենք, որ համերգի ընթացքում հնչած ստեղծագործությունները լավագույնս ներկայացրին անցնող տարվա ընթացքում Երաժշտության ամբիոնի կատարած աշխատանքը, ինչի արդյունքում տարբեր մրցույթներում և ստեղծագործական նախագծերում ուսանողներն ու դասախոսներն արժանացել են մրցանակների, բարձր գնահատանքի:

Արդեն ավանդական դարձած ամանորյա համերգը հանդիսատեսին հաղորդեց նախատոնական տրամադրություն՝ միաժամանակ ընդգծելով հայ երաժշտության հարստությունն ու դրա պահպանման կարևորությունը: Երաժշտության ամբիոնի դասախոսական կազմը վստահեցնում է՝ նման համերգները կլինեն շարունակական՝ զարգացնելու ուսանողների ստեղծագործելու հմտությունները, նպաստելու մշակույթի պահպանմանն ու տարածմանը: