ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ամառային դպրոց 2017»-ի մասնակիցների այցը Մանկավարժական համալսարան
21.08.2017
«Ամառային դպրոց 2017»-ի մասնակիցների այցը Մանկավարժական համալսարան

«Ամառային դպրոց 2017» միջազգային ծրագրի նախավերջին օրը մասնակիցները կրկին այցելեցին Երևան. օտարազգի երիտասարդների առաջին կանգառը բացօթյա տոնավաճառ Վերնիսաժն էր:

Հայկական զարդանախշերով ձեռագործ զարդեր, հուշանվերներ, անուշեղեն, դհոլ և այլն. ծրագրի մասնակիցները հայրենիք վերադառնալուց առաջ ընտրում էին նվերներ, որոնցով հնարավոր կլիներ իրենց երկրում ներկայացնել արևի, լեռների երկիր Հայաստանը: Նրանց կարծիքով` հուշանվերները կդառնան հայաստանյան տասը օրերի իսկական խորհրդանիշները:

Նույն օրը ծրագրի մասնակիցները այցելեցին նաև Մանկավարժական համալսարան, եղան բուհի թանգարանում և ծանոթացան համալսարանի պատմությանն ու ժամանակագրությանը: Թանգարանի տպավորությունների գրքում ուսանողուհի Սվետլանա Կոչետկովան շնորհակալություն հայտնեց Մանկավարժական համալսարանին` Հայաստան գալու հնարավորություն ընձեռելու համար և հույս հայտնեց, որ ՀՊՄՀ-ի և Պուշկինի անվան ռուսաց լեզվի ինստիտուտի համագործակցությունը երկարատև կլինի:

Մանկավարժական համալսարանում «Ամառային դպրոց 2017» միջազգային ծրագրի մասնակիցները հանդիպեցին նաև ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի հետ: Վերջինս օտարազգի երիտասարդներին ներկայացրեց Հայաստանում համալսարանական կրթության մոդելը և պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:

Նշենք, որ «Ամառային դպրոց 2017ե միջազգային տասնօրյա ծրագրի փակումը տեղի կունենա օգոստոսի 22-ին ՀՊՄՀ-ի Աղավնաձորի ուսումնական բազայում: