ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ամառային դպրոց 2017»-ին կմասնակցի շուրջ 200 ուսանող
15.05.2017
«Ամառային դպրոց 2017»-ին կմասնակցի շուրջ 200 ուսանող

Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Բելառուս, Լիտվա, Հունգարիա. սրանք «Ամառային դպրոց 2017» ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ի ուսանողներին հյուրընկալող երկրներն են, որոնց ուսանողները փոխադարձ այցով կլինեն Մանկավարժականի Աղավնաձորի ուսումնական բազայում:

Հյուրընկալող երկիրը բացահայտելու նպատակով ՀՊՄՀ-ի բակալավրիատի և մագիստրատուրայի 89 ուսանող մասնակցեց վիճակահանությանը: Ի դեպ, հայաստանյան «Ամառային դպրոց 2017»-ին կմասնակցի շուրջ 200 ուսանող, որոնք մեր երկիր կհյուրընկալեն վերոնշյալ երկրների՝ ՀՊՄՀ-ի գործընկեր բուհերից:

Արդեն 6-րդ տարին անկացվող ծրագրին մասնակցելու համար դիմել էր 370 ուսանող: Մինչ վիճակահանությունը, նրանք մասնակցել են մրցույթի, որում շեշտը դրվել է ոչ միայն օտար լեզուների իմացության վրա. «Հաշվի են առնվել ոչ միայն օտար լեզվի իմացության մակարդակը, այլև հաղորդակցման, սեփական երկիրը ներկայացնելու հմտություններն ու կարողությունները, քանի որ ծրագրի հիմնական նպատակներից մեկն էլ միջմշակութային հաղորդակցությունն է»,-նշեց Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Քրիստինա Ծատուրյանն:

Վերջինս հավելեց նաև, որ մրցույթի արդյունքներն ամփոփելիս հանձնաժողովը եղել է առավելագույն օբյեկտիվ և անաչառ, իսկ աղավնաձորյան ծրագրում կատարվել են լրացումներ, ներառվել ազգային մշակույթին և պատմությանը, ինչպես նաև Հայաստանում վերջին տարիներին իրականացված հաջողության ծրագրերին ծանոթացնելուն վերաբերող ձեռնարկներ:

Վիճակահանությանը մասնակցում էին նաև նախորդ տարի ՀՊՄՀ-ի Աղավնաձորի ուսումնական բազայում հանգիստն անցկացրած այն ուսանողները, որոնք այս տարի դեռ ավարտական կուրսում չեն և ծրագրին կմասնակցեն Հայաստանի սահմաններից դուրս:

25 ուսանող կմեկնի Հունգարիա և Լիտվա, 25-ը՝ Աղավնաձոր, 24-ը՝ Բելառուս և Սանկտ Պետերբուրգ, 10-ը՝ Մոսկվայի քաղաքային հոգեբանամանկավարժական համալսարան, իսկ 5-ը՝ Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտ:

Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը շնորհավորեց մրցակցությունը հաղթահարած ուսանողներին՝ վստահեցնելով, որ համագործակցության սահմանները ընլայնելուն զուգահեռ բարձրացել է նաև մասնակիցների որակը. «Ամենատարբեր երկրների երիտասարդների հետ շփումը կնպաստի լեզվական անջրպետի վերացմանը, տարբեր երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը. դա շատ կարևոր է նաև Մանկավարժականի միջազգայնացման տեսանկյունից»: