ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ամառային դպրոց 2019»-ի մասնակիցները Երևանում էին
15.08.2019
«Ամառային դպրոց 2019»-ի մասնակիցները Երևանում էին

Մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում շարունակվում է «Ամառային դպրոց 2019» միջազգային ուսանողական ծրագիրը: Ուսանողների համար հերթական օրը ևս հագեցած էր հետաքրքիր ծրագրերով ու այցերով.նախատեսված հաջորդ կանգառը Երևանն էր: 

«Ամառային դպրոց»-ի մասնակցիները նախ այցելեցին Մատենադարան` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: Գիդի օգնությամբ օտարերկրացի ուսանողները ծանոթացան Մատենադարանում պահպանվող բոլոր ձեռագրերին. հիացած ու տպավորված տեսածով՝ օտարերկրյա ուսանողները նշում են, որ Մատենադարանն իրական մշակութային պահոց է, իսկ նրանում պահվող ձեռագրերը՝ մշակութային կարևորագույն արժեքներ:

Մասնակիցներն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացան պատմությանն ու փաստերին, իսկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: 

Երևանյան մեկ օրը շարունակվեց մայրաքաղաքում հետաքրքիր զբոսանքով: «Ինձ դուր եկավ հատկապես Կասկադը, ուր մի անբացատրելի զգացում կա. ամբողջ քաղաքը կարծես ափիդ մեջ լինի»,-նշում է Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսանի ուսանող Աննա Զակիևան և հավելում՝ ուրախ էր հնամյա պատմություն ունեցող երկրի մայրաքաղաքը տեսնելու համար: 

Առաջիկա օրերին ևս սպասվում են բովանդակ ու հետաքրքիր այցեր, դասախոսություններ: