ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ամառային դպրոց 2019»-ին կմասնակցի ՀՊՄՀ-ի 76 ուսանող
30.05.2019
«Ամառային դպրոց 2019»-ին կմասնակցի ՀՊՄՀ-ի 76 ուսանող

Չինաստան, Չեխիա, Հունգարիա, Լիտվա, Ռուսաստան, Բելառուս. սրանք «Ամառային դպրոց 2019» ծրագրի շրջանակներում Մանկավարժականի ուսանողներին հյուրընկալող երկրներն են, որոնց ուսանողներն էլ փոխադարձ այցով կլինեն ՀՊՄՀ-ի Աղավնաձորի ուսումնական բազայում:

Արդեն 8-րդ տարին անկացվող ծրագրին մասնակցելու համար դիմել է 137 ուսանող, մրցույթի արդյունքներով ընտրվել նրանցից 76-ը, որոնք էլ վիճակահանության միջոցով բացահայտեցին իրենց հյուրընկալող երկիրը:

Մրցույթի ընթացքում հաշվի են առնվել ոչ միայն օտար լեզուների՝ ռուսերենի և անգլերենի իմացությունը, այլև սեփական երկիրը ներկայացնելու հմտություններն ու կարողությունները, քանի որ ծրագրի հիմնական նպատակներից մեկն էլ միջմշակութային հաղորդակցությունն է:

Աղավնաձորյան «Ամառային դպրոց 2019»-ի կազմակերպիչները վստահեցնում են, որ ամեն տարի ծրագրում կատարվում են լրացումներ, ներառվում ազգային մշակույթին և պատմությանը, ինչպես նաև Հայաստանում վերջին տարիներին իրականացված հաջողության ծրագրերին ծանոթացնելուն վերաբերող ձեռնարկներ:

Վիճակահանությանը մասնակցում էին նաև նախորդ տարի ՀՊՄՀ-ի Աղավնաձորի ուսումնական բազայում ծրագրի մասնակից այն ուսանողները, որոնք այս տարի դեռ ավարտական կուրսում չեն. նրանք միջազգային ծրագրին կմասնակցեն Հայաստանի սահմաններից դուրս:

Ծրագրի շրջանակներում 5-ական ուսանողներ կմեկնեն Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտ, Չինաստանի Հարավ-արևմտյան և Մոսկվայի մանկավարժական պետական համալսարաններ, 12 ուսանող՝ Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական համալսարան, 10-ական ուսանող՝ Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական և Մաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարաններ: 6 ուսանող կմեկնի Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարան, 1-ը՝ Չեխիայի Պորտուբիցեի համալսարան, 2-ը՝ Լիտվայի համալսարան, իսկ 20-ը՝ ծրագրին կմասնակցի Աղավնաձորի ուսումնական բազայում:

Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը շնորհավորեց մրցակցությունը հաղթահարած ուսանողներինև վստահեցրեց, որ մենատարբեր երկրների երիտասարդների հետ շփումը կնպաստի լեզվական անջրպետի վերացմանը, տարբեր երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը: Դա շատ կարևոր դերակատարություն ունի Մանկավարժական համալսարանի միջազգայնացման գործընթացում:

Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանը ևս շնորհավորեց մասնակիցներին և վստահեցրեց, որ ծրագրի շրջանակներում թե մեր երկրում, թե նրա սահմաններից դուրս ունենալու են անմոռանալի տպավորություններ:

Նշենք, որ «Ամառային դպրոց» միջազգային փոխանակման ծրագրին կմասնակցեն նաև ուսանողներ վերոնշյալ երկրների գործընկեր բուհերից. նրանք կհյուրըկնալվեն ՀՊՄՀ-ի Աղավնաձորի ուսումնական բազայում, կմասնակցեն կրթական և մշակութային գերհագեցած ծրագրին: