ՀՊՄՀ Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնը 15 տարեկան է․ այդ առթիվ բուհում անցկացվեց միջոցառումների շարք, որը մեկնարկեց գործնական հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներով։
«Սոցիալական իրականությունը և կառույցներ են, և երևույթներ, և գործընթացներ, որոնցում մարդիկ փոխկապակցված են և փոխազդում են որոշակի ձևով։ Այն կարող է հանդես գալ որպես հարաբերությունների ընթացիկ գործընթաց և ձև, մարդկանց փոխազդեցություն՝ այստեղ և հիմա, հարաբերությունների գործընթաց՝ պատմական զարգացման և փոփոխության մեջ»,-ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նշեց Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանն ու կարևորեց ամբիոնի հիմնադրման առթիվ անցկացվող ձեռնարկը։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը նշում է՝ Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի կայացումն իր անհատական պատմության մասն է կազմում․ այդ շրջանում ղեկավարել է Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը։
Պրոֆեսոր Գևորգյանը հիշեց՝ ամբիոնը հիմնադրվել է սոցիոլոգիայի լաբորատորիայի հենքի վրա․ հոգեբանների հետ երկխոսության և ամբիոնի ստեղծման ակունքներում կանգնած գիտնականների շնորհիվ այն կարճ ժամանակ անց սկսեց ծավալել ակտիվ գործունեություն՝ մասնագիտական աճի հնարավորություն տալով նաև իր իսկ շրջանավարտներին։
Սրբուհի Գևորգյանը հույս հայտնեց, որ 15-ամյա ամբիոնի ակտիվությունը կգերազանցի նախորդող բոլոր տարիները՝ դասախոսական, գիտամեթոդական, գիտահետազոտական, մանկավարժական գործունեության, ուսանողական ակտիվության տեսանկյունից։ Վստահեցրեց՝ ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող տարբեր «ինչուների» և «ինչպեսների» շարքում հենց այս մասնագետների շնորհիվ է հնարավոր ապահովել շատ հարցադրումների հնարավոր կանխատեսումներ։
Ձեռնարկը շարունակվեց «Ամբիոնի 15-ամյա ուղին» ֆիլմի ցուցադրությամբ․ ի դեպ, միջոցառմանը ներկա էին նաև բուհի տարբեր տարիների շրջանավարտներ, որոնցից շատերն իրենց կարևոր ներդրումն ունեն մեր երկրում սոցիալական ոլորտի զարգացման գործում։ Վերջիններիս մասնակցությամբ կայացավ նաև քննարկում․ ոլորտի երիտասարդ և փորձառու մասնագետները համատեղ փորձեցին պարզաբանել մասնագիտության տարբեր խնդիրների վերաբերյալ հարցադրումները։
Միջոցառման ընթացքում կայացավ նաև «Սոցիալական իրականությունը մեր աչքերով» ուսանողական ֆոտոմրցույթ։ Ինչպես նշեց Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ Գայանե Խաչիկյանը, դրանք սոցիալական իրականության արտացոլումն են մասնագիտական դաշտում․ մեկնաբանություններում ներկայացված է այն յուրահատուկ ընկալումը, որ բնորոշ է սոցիոլոգիա և սոցիալական աշխատանք մասնագետներին։
Գայանե Խաչիկյանը հավելեց՝ ներկայացված լուսանկարներից մի շարք չափորոշիչներով ընտրել են լավագույն 10-ը․«Մենք կարևորել ենք սոցիալական իրականությանը մաքսիմալ մոտ լինելն ու գնհատել նրանց մեկնաբանությունները թեմայի վերաբերյալ։ Լինելով սոցիումն ուսումնասիրող գիտության մեջ՝ նրանց ընկալումն էլ պետք է յուրահատուկ լինի»։
Քվեարկության արդյունքում՝ 3-րդ տեղում էր Ծաղիկ Կարոյանի՝ «Անհավասարություն քարե մետաֆորում» լուսանկարը, 2-րդում՝ Լիանա Գրիգորյանի «Կրթության պահանջ»-ը, իսկ 1-ին տեղը զբաղեցրեց Գայանե Պողոսյանի՝ «Անցյալի ուժը ապագայի ձեռքերում» լուսանկարը։ Հաղթող լուսանկարը խորհրդանշում էր սերունդների միջև կապը, որտեղ անցյալն ապագային է փոխանցում իր փորձն ու արժեքները։ Ապագայի ուժը կառուցվում է անցյալի հիմքերի վրա՝ ապահովելով զարգացման շարունակականությունը։