ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները»․ ներկայացնում են կրթության կառավարիչները
02.06.2022
«Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները»․ ներկայացնում են կրթության կառավարիչները

ՀՊՄՀ-ի Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի նախաձեռնությամբ այսօր բուհում անցկացվեց «Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները» խորագրով սեմինար։

«Կրթության կառավարում» մագիստրոսական ծրագրի ուսանողներն ու շրջանավարտները ձեռնարկի ընթացքում անգլերենով ներկայացրին աշխարհահռչակ Սթիվեն Քովիի հեղինակած գրքի՝ կրթության կառավարման համատեքստում դիտարկած սկզբունքները։

Եղիր նախաձեռնող, սկսիր մտքում՝ վերջը պատկերացնելով, մտադրվիր հաղթել առանց վնասելու և այլն․ բանախոսներն իրենց ելույթներում ներկայացրին Քովիի՝ կրթության ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ մարդկային հատկանիշները, ներդաշնակ ինքնազարգացման, կյանքի հանգամանքներին դիմագրավելու լավագույն ուղիները։

Ձեռնարկին ներկա էին ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության, Ուսումնագիտական գծով պրոռեկտորներ Մարիաննա Հարությունյանը, Մարիամ Իսպիրյանը, Հայաստանում Ամերիկյան խորհուրդների տնօրեն Դեյգն Վելընթայնը, փոխտնօրեն Նանե Աբրահամյանը, ԱՄՆ դեսպանատան շրջանավարտների համակարգող Լուսինե Մկրտչյանը, Մասնագիտական կրթության ապահովման ազգային կենտրոնի ներկայացուցիչներ, ուսանողներ։

Պրոռեկտոր Հարությունյանը սեմինարը կարևորեց կարիերայի ձևավորման, մարդկային որակների, մասնագիտական կարողությունների զարգացման տեսանկյունից։
Վերջինս հույս հայտնեց, որ սեմինարը կընթանա ինտերակտիվ եղանակով․ ներկաներից շատերն ունեն սեփական հաջողության բանաձևով կիսվելու փորձ։

Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Ռիտա Գևորգյանն էլ կարծում է, որ բուհի հիմնադրման 100-ամյակին նվիրված նախաձեռնությունն արդյունավետ կլինի տարբեր ֆակուլտետների ուսանողների համար ևս։

Ներկայացված թեմաները ժամանակի ընթացքում կդառնան ուսանողների համար վերապատրաստման կարևոր աղբյուր։

Օտար լեզուների ֆակուլտետի շրջանավարտ Շահանե Գրիգորյանը մագիստրոսական ուսուցումը շարունակել է բուհում՝ մասնագիտանալով կրթության կառավարման ոլորտում։

«Նախաձեռնող մարդիկ գիտակցում են, որ իրենք կարող են պատասխանատու լինել»․սեմինարին Քովիի հայտնի սովորույթը ներկայացրած Շահանեն aspu.am-ի հետ զրույցում նկատում է՝ բոլորս պետք է պատասխանատու լինենք և ղեկավարենք մեր գործողություններն ու շրջապատը։

Խոսելով մասնագիտական կրթության մասին՝ նշեց, որ հետաքրքրվում է կրթության ոլորտով․ ձեռք բերելով համապատասխան գործիքակազմ՝ հույս ունի, որ իր ներդրումը կունենա կրթության ոլորտում կարևոր բարեփոխումներ կատարելու համար։

«Եթե որևէ բան ես ցանկանում, պետք է հստակ պատկերացնես՝ ուր ես հասնելու»․ Մարիամ Նազարյանը ՀՊՄՀ-ում ստացել է երկրորդ՝ մագիստրոսական կրթությունը։
Բանախոսը երկրորդելով Քովիին՝ նկատում է․ երբ այդ պատկերացումները վերացական են, դժվար է և անհավանական, որ կհասնես հաջողության։

Այդպես եղել է նաև իր կյանքում․ հոգեբանությունից կրթության ոլորտ «տեղափոխված» մասնագետն իր կարիերան պատկերացնում է հենց այս ոլորտում։

Կարծում է՝ բուհում ստացած մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կօգնեն բարելավել մեր երկրում կրթական համակարգը։

Սեմինարին ելույթ ունեցան և Սթիվեն Քովիի մյուս 5 սովորույթները ներկայացրին «Կրթության կառավարում» մասնագիտության նախկին և ներկա ուսանողներ Հռիփսիմե Մարտինյանը, Մերի Թաշչյանը, Սաթենիկ Ղազարյանը, Ավետ Վարդանյանը․ առցանց միացել էր նաև առաջին շրջանավարտներից Էլվինա Մարգարյանը։

Ամփոփելով ուսանողների ելույթները՝ Հայաստանում Ամերիկյան խորհուրդների տնօրեն Դեյգն Վելընթայնը ներկայացրեց հաջողության հասնելու իր փորձը։

Վերջինս աշխատանքների համար կարևորեց ինտերակտիվ մեթոդների կիրառման անհրաժեշտությունը ՝ տեղում ցույց տալով խաղային հետաքրքիր մեթոդներ։

Ի դեպ, շրջանավարտ Աստղիկ Հովսեփյանի նախաձեռնությամբ «Ամենարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները»-ի փորձը կներդրվի նաև Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցում։