ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն հյուրընկալել էր սփյուռքահայ ուսուցիչներին
23.07.2017
Ամենայն Հայոց Կաթողիկոսն հյուրընկալել էր սփյուռքահայ ուսուցիչներին

Մանկավարժական համալսարանում վերապատրաստվող սփյուռքահայ ուսուցիչները բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի ղեկավարությամբ հոգևոր մայրաքաղաքում հյուրընկալվեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին:

Ռուբեն Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար՝ ընդգծելով, որ հոգևոր դաստիարակությունը կրթական համակարգի կարեւոր բաղադրիչներից է: Ռեկտորը ուրախությամբ նկատեց նաև, որ Մանկավարժական համալսարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխհարաբերությունն ամուր հիմքերի վրա է:

Վեհափառն իր հայրապետական օրհնանքն հղեց աշխարհի 17 երկրներից հայրենիք վերապատրաստվելու եկած ուսուցիչներին՝ վստահեցնելով, որ ուսուցիչ և հոգևորական լինելը մասնագիտություն չէ, այլ կոչում. «Ինչպես հոգևորականն է ծառայում իր ժողովրդին, այնպես էլ հայ ուսուցիչն անվերապահորեն ծառայում է հայ դպրոցին»:   

Նորին Սրբությունը կարևորեց հայրենիքի և ազգային կառույցների կողմից հայեցի կրթության և դաստիարակության գործին ընծայվող ուշադրությունը՝ ընդգծելով, որ դպրոցը ազգի ինքնության պահպանման ամենակարևոր կառույցներից է։

Կարևորելով հայ դպրոցի առաքելությունը ազգային կյանքում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավով նկատեց, որ ներկայումս Սփյուռքում նահանջում է հայեցի կրթությունը։ Գարեգին Բ Հայրապետն ընդգծեց, որ հայ դպրոցի միջոցով է փոխանցվում ազգային ոգին, այնտեղ է կերտվում հայորդին և ձեռք բերում ազգային սրբազան արժեքների, պատմության ու հայոց մեծերի ճանաչողությունը, գիտելիքներ, որոնք նպաստում են ազգային ինքության ու գիտակցության զորացմանը՝ այդպիսով երաշխավորելով նաև հետագա ներգրավումը ազգային կյանքից ներս։ 

Վեհափառը սփյուռքահայ ուսուցիչներին ներկայացրեց այն կրթական ծրագրերը, որոնք Մայր Աթոռն իրագործել և իրագործում է վերջին տարիների ընթացքում: Նա կարևորեց Մայր Աթոռի և Կրթության և գիտության նախարարության միջև սերտ և արդյունավետ համագործակցությունը՝ նշելով հատկապես Մայր Աթոռի անմիջական հովանու ներքո  Էջմիածնում«Էռնեկյան» դպրոցի կառուցումն ու Երեւանում գործող Գևորգ Էմինի անվան դպրոցը:

Վեհափառ Հայրապետը հայտնեց նաև, որ իր նախաձեռնությամբ առաջիկայում Մայր Աթոռում ծրագրում է իրագործել նաև սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման շարունակական դասընթացներ՝ միևնույն ժամանակ նկատելով, որ դրանք որոշակիորեն կարող են համընկնել ՀՀ կրթության եւ գիտության, Սփյուռքի նախարարությունների՝ առայսօր գործող վերապատրաստման ծրագրերին:

Հանդիպման ավարտին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուսուցիչներին պատգամեց կենսագործել դարերի խորքից փոխանցված ավանդները և կոչման բարձր գիտակցությամբ շարունակել իրենց ծառայությունը ազգին:

Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն  և Հայորդաց տների համակարգող Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանը, ով ներկայացրեց դպրոցներում և հայորդաց տներում իրենց կատարած հոգևոր և կրթական արդյունավետ աշխատանքը: 

Հանդիպման ավարտին ուսուցիչները շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար և վստահեցրին, որ հայրենիքից դուրս հայապահպանման գրավականներից մեկն էլ եկեղեցու և դպրոցի համագործակցությունն է:

Ուսուցիչները մասնակցեցին Մայր տաճարում մատուցվող պատարագին, այցելեցին Մայրավանքի Գանձարան, Սուրբ Հռիփսիմե եկեղեցի և Զվարթնոցում:

Լուսանկարները՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքից