ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի պատվիրակությանը
10.05.2018
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի պատվիրակությանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Խոսեի պետական համալսարանի պատվիրակությանը՝ գլախավորությամբ համալսարանի ռեկտոր Մարի Փափազյանի և ուղեկցությամբ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, պ.գ.դ, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը Նորին Սրբությանը ներկայացրեց երկու կրթական հաստատությունների միջև սկզբնավորվող համագործակցությունը, որը նոր հնարավորություններ պիտի ընձեռի ուսանողներին:

Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը բերելով երկու համալսարանների նախաձեռնությանը, հույս հայտնեց, որ այն արդյունավետ կլինի և կնպաստի երիտասարդ սերունդների կրթությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը փաստեց, որ հայ ընտանիքներում ուսմանն ու կրթությանը մշտապես մեծ ուշադրություն է դարձվել, ինչը կարևոր դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում:

Իր հերթին Սան Խոսեի համալսարանի ռեկտոր Մարի Փափազյանը ևս կարևոր համարեց երկու համալսարանների միջև հարաբերությունների խորացումն ու զարգացումը:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրերին տեղեկացրեց նաև Մայր Աթոռի հովանու ներքո գործող հանրակարթական դպրոցների գործունեության, ինչպես նաև հոգևոր-կրթական բարձրագույն հաստատություններում ապագա եկեղեցականների պատրաստության մասին:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

 

Տեղեկատվությունը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ