ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի Հարավային Բոհեմիայի համալսարանի ռեկտորին
05.11.2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի Հարավային Բոհեմիայի համալսարանի ռեկտորին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Չեխիայի Հարավային Բոհեմիայի համալսարանի ռեկտոր Թովմաս Մաչուլային և պրոռեկտոր Ռադկա Զավոդսկիին՝ ուղեկցությամբ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի:

Հանդիպմանը պրն. Ռուբեն Միրզախանյանը շնորահավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 20-ամյակի կապակցությամբ, այնուհետև Վեհափառ Հայրապետին ներկայացրեց հյուրերին՝ անդրադառնալով երկու համալսարանների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով հյուրերին, ուրախություն հայտնեց երկու համալսարանների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցության առիթով, որը կնպաստի փոխադարձաբար երկու երկրներում սովորող ուսանողների կրթական մակարդակի բարձրացմանը:

Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ Սուրբ Էջմիածնի միաբաններն իրենց բարձրագույն կրթությունը շարունակում են տարբեր երկրների նշանավոր համալսարաններում և Քույր Եկեղեցիների հոգևոր ուսումնական հաստատություններում, ինչն էապես բարձրացնում է նրանց կրթական մակարդակը և հնարավորություններ ընձեռում միջմշակութային կապերի առավել սերտացման համար:

Իր հերթին ռեկտոր Թովմաս Մաչուլային, կարևորելով մշակույթի և եկեղեցու դերը երիտասարդներին կրթելու առաքելության մեջ, հույս հայտնեց, որ այս այցելությունը հիմք կհանդիսանա կրթական ոլորտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Չեխիայի հարավային Բոհեմիայի համալսարանի միջև արդյունավոր համագործակցության ձևավորման համար:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ նաև երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին և Չեխիայի հայկական համայնքի ազգային-հոգևոր կյանքին՝ իր երախտագիտությունը հայտնելով երկրի իշխանություններին համայնքի հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար:

Տեղեկատվությունը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգի