ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունգարիայի Կաթոլիկ համալսարանի պատվիրակությանը
10.03.2017
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունգարիայի Կաթոլիկ համալսարանի պատվիրակությանը

Մարտի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի ռեկտոր պրոֆ. Սուրոմի Սաբոլչի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի:

Պատվիրակության կազմում էին համալսարանի Պատմության ինստիտուտի տնօրեն Ուզե Շանդորը, ռեկտորի խորհրդական, Ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Լասլո Տուսկը և համալսարանի Հայագիտության ամբիոնի վարիչ Բալինտ Կովաչը:

Հանդիպման սկզբում տիար Ռ. Միրզախանյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց հյուրերին` տեղեկացնելով, որ այցը Հայաստան կազմակերպվել է 2016 թ. Պ. Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի միջև համագործակցության պայմանագրի կնքմամբ սկզբնավորված գործակցության շրջանակներում: Մանկավարժական համալսարանի ռեկտորը գոհունակությամբ նշեց, որ հաստատված կապերի շնորհիվ Կաթոլիկ համալսարանում արդեն գործում է հայագիտական ամբիոն:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց հունգարական պատվիրակությունը` ուրախություն հայտնելով պատվիրակության անդամներին Ս. Էջմիածնում վերստին հյուրընկալելու առիթով:

Հայոց Հովվապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու հաստատությունների միջև ձևավորված կապերին` ընդգծելով, որ նման սերտ փոխհարաբերությունները ավելի մեծ թվով ուսանողների հնարավորություն են ընձեռում մասնակցել համատեղ իրականացվող ծրագրերին և այդպիսով` նպաստում փոխադարձ ճանաչողությանն ու երկու ժողովուրդների միջև բարեկամության զորացմանը: Այս առումով Նորին Սրբությունը մեծապես կարևորեց Հունգարիայի Կաթոլիկ համալսարանում հաստատված հայագիտական ամբիոնի առաքելությունը` Մայր Աթոռի պատրաստակամությունը հայտնելով անհրաժեշտ գրականությամբ աջակցելու նրան:

Խոսք ասաց նաև պրոֆ. Սուրոմի Սաբոլչը` իր հերթին ուրախությամբ տեղեկացնելով համագործակցության արդյունքում արձանագրված հաջողությունների մասին և ներկայացնելով հայագիտական ամբիոնի զարգացման տեսլականը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց կրթական հաստատությունների գործունեությանը, մասնավորապես` ուսանողների փոխանակման ծրագրերին: Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետը պրոֆ. Սուրոմի Սաբոլչին հրավիրեց դասախոսություններով հանդես գալ Գևորգյան հոգևոր ճեմարանում:

Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը երկրների ու ժողովուրդների միջև առկա հարաբերությունները էլ ավելի զորացնելու մաղթանքով կրթական հաստատությունների ղեկավարներին ցանկացավ արդյունավետ գործակցություն:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգ