ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամփոփեցին գիտական գործունեությունը․․․
12.05.2025
Ամփոփեցին գիտական գործունեությունը․․․

ՀՊՄՀ-ի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանն այսօր հավաստագրեր հանձնեց Ղազախստանի Աբայի անվան մանկավարժական համալսարանի Հատուկ մանկավարժության ամբիոնի 3 դոկտորանտի։

Դինարա Օսպանկուլովան, Բագլան Սաուրյակովան, Կուրալայ Տոկտարբեկովան մեկ ամիս Մանկավարժական համալսարանում ծավալեցին գիտական գործունեություն։ Օտարերկյա ասպիրանտների ատենախոսության պարտադիր մաս է կազմում արտասամանյան որևէ բուհում վերապատրաստում անցնելը․ղազախ դոկտորանտները արտասահմանյան գիտական ղեկավար էին ընտրել ՀՊՄՀ-ի Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ Ժաննա Պայլոզյանին։

Վերջինիս հետ այս ընթացքում աշխատել են գիտական թեմաների շուրջ, գրել հոդվածներ, եղել հատուկ և հանրակրթական տարբեր հաստատություններում, նաև այցելել պատմամշակութային կառույցներ՝ ամբողջացնելու մեր երկրի մասին իրենց պատկերացումները։

ՀՊՄՀ պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը ղազախ հետազոտողներից հետաքրքրվեց՝ բուհում երիտասարդ գիտական գործունեություն ծավալելու ընթացքից, որքանո՞վ են բացահայտել երկու երկրների կրթական առանձնահատկությունները, նպաստե՞լ է այն բուհական համակարգում նրանց գիտական աշխատանքների արդյունավետ իրականացմանն ու հետազոտությանը։

Ղազախստանի Աբայի անվան մանկավարժական համալսարանի Հատուկ մանկավարժության ամբիոնի ուսանողները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և արդյունավետ այցի համար․ ընդգծեցին՝ այն սպասվածից ավելին էր և գերհագեցած։ Նրանք մանրամասներ ներկայացրին իրականացրած հետազոտությունների, սոցիոլոգիական հարցումների վերաբերյալ, ընդգծելով՝ դրանք հնարավորություն տվեցին ամբողջացնել թեմաների վերաբերյալ վերլուծությունը։

Մարիամ Իսպիրյանը հույս հայտնեց, որ համագործակցությունը գիտական ոլորտում կշարունակվի, իսկ առաջիկայում, երիտասարդ գիտնականների հեղինակած հոդվածները համապատասխան ամբիոնի հավանությանն արժանանալուց հետո, լույս կտեսնեն բուհի Հատուկ կրթության հայկական ամսագրում։