Ավարտվեց Մանկավարժական համալսարանի կազմակերպած ավանդական միջազգային ամառային դպրոցը։ Այն այս տարի ևս Հայաստան բերեց բազմաթիվ օտարազգի ուսանողների բուհի գործընկեր բուհերից և կրթական այլ հաստատություններից՝ շուրջ 65 մասնակից։ Անմոռանալի, հետաքրքիր և հագեցած մեկ շաբաթը գեղեցիկ ձեռնարկով ամփոփվեց բուհի Աղավնաձորի ուսումնական բազայում։
Նոր ծանոթություններ, ջերմ հյուրընկալություն, հագեցած ծրագիր. առանձնացնում են «Ամառային դպրոց- 2024»-ի մասնակիցներն ու շնորհակալություն հայտնում յուրատեսակ ձեռնարկի համար` հագեցած ոչ միայն կրթական, այլև ժամանցային ու ճանաչողական բաղադրիչներով։ Նրանք ներկայացրին իրենց բուհերը, կրթական հնարավորությունները և հույս հայտնեցին, որ այստեղ սկիզբ առած պատմություններն ու կապերը կունենան արդյունավետ շարունակություն։ «Մենք սիրով սպասում ենք ձեզ»,-նշեցին ծրագրի օտարազգի մասնակիցներն ու շնորհակալություն հայտնեցին աբովյանականներին։
ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը հաջողություններ մաղթեց մասնակիցներին և հանձնեց մասնակցության հավաստագրեր։ Պրոռեկտորը հույս հայտնեց, որ յոթօրյա ամառային ձեռնարկը տարիներ անց էլ կհիշեն մասնակիցներն իրենց լավագույն հուշերում։ Մարիաննա Հարությունյանը կարևորեց ամառային դպրոց կազմակերպելու ավանդույթը պահպանելն ու տարեցտարի մասնակից բուհերի ընդլայնումը։ «Նման ձեռնարկներով ուսանողների համար ստեղծում ենք նոր ծանոթություններ, աշխարհընկալման նոր հնարավորություններ ինչպես մեր բուհում, այնպես էլ փոխադարձ ծրագրերով, որպեսզի մեր ուսանողներն էլ մասնակցեն միջազգային գործընկերների կազմակերպած նմանատիպ ծրագրերին»,-նշեց պրոռեկտորը։
Անդրադառնալով ծրագրին ոչ գործընկեր բուհերի ուսանողների մասնակցությանը` Մարիաննա Հարությունյանը նշեց, որ ամենափոքր համատեղ նախագիծն անգամ հնարավոր է ծառայեցնել հօգուտ ուսանողների և դասախոսների։ Նա հավելեց նաև, որ այս օրերին հաշվի են առնվել նաև ուսանողների առաջարկները, մասնավորապես` կրկնապատկել են այցը Երևան․ մայրաքաղաքը օտարազգի մասնակիցները շատ են սիրել։
Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանը «Ամառային դպրոց» ծրագիրը համարում է միմյանց հետ շփվելու, ճանաչելու, երկրների մշակույթին ծանոթանալու և նոր կապեր հաստատելու լավագույն միջոց։ Սա հատկապես արդյունավետ տարբերակ է մեր երկիրն ու մշակույթը ներկայացնելու համար։
Նրանք շատ տպավորված էին մեր երկրի պատմամշակութային վայրերով։ Մասնակիցներից մի քանիսը բլոգերներ են և ունեն շատ հետևորդներ։ Իրենց սոցիալական հարթակներում Հայաստանն ու բուհը ներկայացնելը կրկնակի կարևոր է բուհի կապերի ընդլայնման տեսանկյունից»,-նշեց Պարույր Գալստյանն ու հավելեց` այս տարվա մասնակիցներն աչքի ընկան հատկապես նախաձեռնողականությամբ, միմյանց հետ շփվելու, կապեր հաստատելու պատրաստակամությամբ։ Մասնակիցները եզրափակիչ միջոցառման ժամանակ կրկին շնորհակալություն հայտնեցին Մանկավարժական համալսարանին նման արդյունավետ ծրագիր կազմակերպելու համար և խոստացան հնարավորության դեպքում կրկին վերադառնալ իր հյուրընկալությամբ և ջերմությամբ առանձնացող Հայաստան։
Նշենք, որ ՀՊՄՀ Աղավնաձորի ուսումնական բազայում անցկացվող մեկշաբաթյան ամառային դպրոց միջազգային ծրագրին մասնակցում էին ուսանողներ, մագիստրոսներ, ասպիրանտներ, աշխատակիցներ Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական, Մոսկվայի քաղաքային մանկավարժական, Հյուսիս-կովկասյան դաշնային, Հյուսիսային Օսեթիայի պետական, Ուրալի դաշնային համալսարաններից և կրթական այլ հաստատություններից։