ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամփոփվեց «Աշնանային դպրոց-2023» ծրագիրը
03.09.2023
Ամփոփվեց «Աշնանային դպրոց-2023» ծրագիրը

ՀՊՄՀ Աղավնաձորի ուսումնական բազայում ամփոփվեց «Աշնանային դպրոց-2023» միջազգային ծրագիրը։

Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական և Ստավրոպոլի Հյուսիսկովկասյան դաշնային համալսարաններից 21 ուսանող աբովյանականների հետ համատեղ ունեցան մեկշաբաթյա հագեցած առօրյա՝ կրթական ձեռնարկներից մինչև էքսկուրսիա Հայաստանի գեղատեսիլ վայրերով։

Փակման հանդիսավոր ձեռնարկի ընթացքում միջազգային ծրագրի մասնակիցներին ողջունեց ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։ Պրոռեկտորը հույս հայտնեց, որ մասնակիցներն իսկապես անցկացրել են անմոռանալի օրեր և վստահեցրեց, որ համագործակցությունը կլինի շարունակական։

«Աշնանային դպրոց»-ի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին Մանկավարժական համալսարանին ծրագիրը բազմազան միջոցառումներով կազմակերպելու համար, ապա հանդես եկան եզրափակիչ ներկայացումներով՝ ներկաներին փոխանցելով իրենց երկրի տեսարժան վայրերի և բուհերի մասին տեղեկատվություն։

Նշենք, որ մեկշաբաթյա ծրագրի վերջին երկու օրը նույնպես հագեցած էր հետաքրքիր ծրագրերով․ ծրագրի մասնակիցներն այցելեցին Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդի միջնադարյան վանական համալիր, ապա նաև «Քարերի սիմֆոնիա»։

Նրանց ուղեկցում և պատմական հուշակոթողների մասին տեղեկություններ էր հաղորդում պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Գրիգորյանը։ Էքսկուրսիայի ընթացքում դոցենտ Գրիգորյանը ներկայացրեց նաև միջին դարերում Հայաստանի կրթական համակարգի վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ։

Բացի այդ, ծրագրի մասնակիցների համար դասախոսություններով հանդես եկան «Դասավանդիր Հայաստան» կազմակերպության «Սերունդ» կրթական ծրագրի ղեկավար Քրիստինա Ծատուրյանն ու Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի նախագահ Նանա Հովհաննիսյանը։

Վերջիններս ներկայացրին կրթության մեջ և աշխատանքում հոգևոր բարեկեցությանն ու քոուչինգի դերը։

Հավելենք, որ ծրագրի մասնակիցների համար կազմակերպվել են նաև երեկոյան զվարճալի մի շարք միջոցառումներ։ Ծրագրի ավարտին «Աշնանային դպրոց-2023» միջազգային ծրագրի մասնակիցներն ստացան հավաստագրեր։