ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամփոփվեց «Էրազմուս+Շաբաթ ՀՊՄՀ-ում»
30.09.2019
Ամփոփվեց «Էրազմուս+Շաբաթ ՀՊՄՀ-ում»

Մանկավարժական համալսարանում անցկացվեց «Էրազմուս+Շաբաթ ՀՊՄՀ-ում» հանդիպումների շարքը: ՀՊՄՀ բոլոր ֆակուլտետների ուսանողներին և վարչական ու դասախոսական կազմին ներկայացվեց Էրազմուս+ կրեդիտային շարժունության և Ամառային դպրոց ծրագրին դիմելու ընթացակարգը:

Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկանի` գիտության և միջազգային համագործակցության գծով տեղակալ Լուսինե Պողոսյանն Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում անդրադարձավ Օուլուի համալսարան իր այցին:

Ռումինիայի Սպիրու Հարեթի համալսարանում ուսումնառության ընթացքում ձեռք բերած փորձառության, գիտելիքների և տպավորությունների մասին պատմեցին Կուլտուրայի ֆակուլտետի ուսանողներ Հասմիկ Կոշկարյանն ու Անուշ Մնացականյանը:

Մեծ Բրիտանիայի Կիլի համալսարան իրենց այցելությանն անդրադարձան նաև Oտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանն ու Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Լուսինե Ղուլղազրյանը: Տիգրան Միքայելյանը ներկայացրեց Կիլի համալսարանի առանձնահատկությունները, անդրադարձավ ուսանողների կողմից իրականացվող ձեռնարկչատիրական նախաձեռնություններին, վերջիններիս մատուցվող ծառայություններին, համալսարանում գործող հետազոտական և նորարական աջակցության կենտրոնին: Լուսինե Ղուլղազարյանը ներկաներին ծանոթացրեց Կիլի դասավանդման մեթոդաբանությանն ու գնահատման համակարգին:

Նշենք, որ Կիլի համալսարանի հետ համագործակցությունը սկսվել է 2016 թվականին Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում: Համագործակցության ընթացքում իրականցվել է ուսանողների, դասախոսների և վարչական աշխատակիցների փոխանակում:

Միջազգային համագործակցության բաժնի կազմակերպած <<Էրազմուս+ Շաբաթ ՀՊՄՀ-ում>> խորագրով հանդիպումների ընթացքում քննարկվեցին ծրագրի ձեռքբերումները, արդյունավետությունը և հետագա աշխատանքները: