ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամփոփվեց  Երիտասարդ առաջնորդների եռօրյա միջազգային դպրոցը  
15.12.2022
Ամփոփվեց  Երիտասարդ առաջնորդների եռօրյա միջազգային դպրոցը   

Մանկավարժական համալսարանում ամփոփվեց Երիտասարդ առաջնորդների եռօրյա միջազգային դպրոցը։

Հանդիսավոր փակմանն ու հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էին ՀՊՄՀ-ի, ՌԴ-ի Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի ռեկտորներ Սրբուհի Գևորգյանը, Դմիտրի Բեսպալովը, ծրագրի մասնակից երկրների՝ Հայաստանում՝ Ռուսաստանի,  Բելառուսի, Ղրղզըստանի, Տաջիկստանի դեսպանատան, ինչպես նաև «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչները։

Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի ռեկտոր Դմիտրի Բեսպալովն ուրախությամբ նկատեց՝ ՀՊՄՀ-ի հետ համատեղ հերթական ծրագիրն այս անգամ էլ հաջողություն ունեցավ․  կայուն գործընկեր, որն արդյունավետ իրականացրեց և իր հարկի ներքո հյուրընկալեց ծրագրի 40 մասնակցի։

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի  Գևորգյանն ընդգծում է՝  100-ամյա բուհը մշտապես պատրաստ  է լինել միջազգային կապերի հարթակ, որում  ներգրավված են տարբեր երկրների  ուսանողներ։

Նա հույս հայտնեց, որ եռօրյա դպրոցն արդարացրեց մասնակիցների ակնկալիքները, այդ թվում՝  նոր ընկերների ձեռքբերում, երիտասարդների հաղորդակցում, փորձի փոխանակում, մասնագիտական գիտելիքների  հարստացում։  

Վստահ է՝ առաջիկայում  կլինեն  նոր ծրագրեր ու նախագծեր, որոնք կհամախմբեն  երիտասարդներին․ անկախ երկրից․ աշխարհի բոլոր ուսանողները նույնն են։

ՀՀ-ում ՌԴ դեպանատան մշակույթի հարցերով ներկայացուցիչ Դենիս Նազարովը  դեսպան Սերգեյ Կոպիրկինի անունից շնորհավորեց «Ռուսաց լեզուն. հաջողության իմ բանաձևը» նախագծի մասնակիցներին։

Կարծում է, որ  մասնակիցներն  այս օրերի ընթացքում գտել են հաջողության իրենց բանաձևը։ Վստահ է՝ համագործակցող կողմերը  կիրականացնեն նոր ծրագրեր նաև մյուս երկրներում՝ գրանցելով նոր  հաջողություններ։

Ծրագրի՝  4 երկրի 16 համալսարանի 40 մասնակիցներին, նաև առցանց,  ՀՀ-ում դեսպանների և իրենց անունից  շնորհավորեցին դեսպանատան  ներկայացուցիչները։

Համակարծիք են՝ նման նախագծերի շնորհիվ է, որ հանրահռչակվում է ռուսերենը, իսկ  ծրագրում ընդգկված երիտասարդները հպարտություն են և կարող են ապահովել ցանկացած  ազգի ապագան։

Երիտասարդ առաջնորդների եռօրյա միջազգային դպրոցի իրականացման համար կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեցին նաև ծրագրի մասնակիցները՝ ընդգծելով՝  արժեր անցնել մի քանի հազար կիլոմետր, հայտնվել հյուրընկալ Հայաստանում,  իսկ  ռուսաց լեզուն, իսկապես,  իր հետ բերեց  հաջողության բանաձև։

Ավարտը խորհրդանշական էր․ մասնակիցներին միավորեց կարմիր ժապավենը՝ ի նշան ռուսաց  լեզվի և միմյանց  շուրջ համախմբվելու։

Նշենք, որ  Մանկավարժական համալսարանում դեկտեմբերի 13-15-ը ՀՊՄՀ-ի և Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի համատեղ նախաձեռնությամբ կայացավ Երիտասարդ առաջնորդների եռօրյա միջազգային դպրոցը, որի ընթացքում ամփոփվեց  «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի՝ «Ռուսաց լեզուն. հաջողության իմ բանաձևը» նախագծի արդյունքները։