ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամփոփվեց «Փոփոխվող կրթություն.համընդհանուր ներառականության մարտահրավերները» գիտաժողովը
31.10.2024
Ամփոփվեց «Փոփոխվող կրթություն.համընդհանուր ներառականության մարտահրավերները» գիտաժողովը

Մանկավարժական համալսարանում շարունակվող «Փոփոխվող կրթություն.համընդհանուր ներառականության մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովի երկրորդ օրը զեկույցներով հանդես եկան Հայաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ հատուկ կրթության և հոգեբանության ոլորտի առաջատար մասնագետները։

Անդրադարձ եղավ մանկական ծառայություններին, դպրոց-մասնագետ կապին, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հոգեկան վիճակի, սոցիալական հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդաբանության հայկական մոդելին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց հոգեկան կայունության պահպանման հիմնախնդիրներին, աուտիզմ ունեցող երեխաների վախերի ախտորոշման հիմնախնդիրին։

Բացի այդ, ներկայացվեց շախմատի ուսուցման արդյունքում ԱՍԽ ունեցող երեխաների սոցիալական փոխազդեցությունը, վարքային դրսևորումների և խաղային կարողությունների փոփոխությունները, ներառականության համատեքստում շախմատային կրթության փորձարարական հետազոտությունները, Հայաստանում մտավոր զարգացման թեթև աստիճանի խանգարումներ ունեցող դեռահասների մասնագիտական կողմնորոշման հմտությունների զարգացման հնարավորությունները և այլն։

«Ըստ ներառական կրթության հայեցակարգի՝ կրթության մատչելիությունն ու հավասար հնարավորությունների ստեղծումը պարտադիր պայմաններ են։ Երկրորդ տասնամյակն է, որ համընդհանուր ներառականության հետ կապված ունենք նշանակալի փոփոխություններ և դրական տեղաշարժ։ Մեր խնդիրն է, որ միջազգային գիտաժողովի շնորհիվ նաև, տարբեր երկրների առաջավոր փորձի, գոյություն ունեցող օրենսդրական բարեփոխումների համատեքստում, կարողանանք պատշաճ և գրագետ իրականացնել այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են հանրակրթության առջև»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան Գոհար Հովյանն ու ցավով նկատեց՝ մեզանում դեռ այսօր էլ ներառականություն ասելով հասկանում են զարգացման խնդիրներ ունեցող երեխաների, այնինչ այն վերաբերում է նաև յուրահատուկ կամ առանձնահատուկ օժտվածություններ ունեցող երեխաների ներառմանը։

Գոհար Հովյանն ընդգծեց՝ «Փոփոխվող կրթություն.համընդհանուր ներառականության մարտահրավերները» խորագրով գիտաժողովը միտված է նաև տարբեր մասնագետների համագործակցությանը․ ոլորտում խնդիրները շատ են։

Ամփոփելով երկօրյա աշխատանքները՝ ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ կայացած ձեռնարկը դեկանը կայացած համարեց․ ինտերակտիվ վարպետության դասերն ու ներկայացված զեկույցներն արդեն իսկ մեծ արձագանք ունեն։ Կան հետագա համագործակցության առաջարկներ, շատերն էլ ցանկանում են մասնակցել նոյեմբերին անցկացվելիք վերապատրաստումներին։

Իր ձևաչափով տարբերվող գիտական ձեռնարկն առանձնացավ Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաների և Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնոերաժշտական նվագախմբի ելույթներով։

Վերջիններիս ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը հանձնեց շնորհակալագրեր՝ միջազգային գիատաժողովին մասնակցելու համար։