ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամփոփվեց «Ուսյալ ազգի վկայագրերը» մրցույթը
17.06.2023
Ամփոփվեց «Ուսյալ ազգի վկայագրերը» մրցույթը

«Դարեր շարունակ ազգային դպրոցը հայ և համաշխարհային պատմության մեջ զբաղեցրել է իր պատվավոր տեղը՝ ապահովելով կրթության անընդմեջ առաջընթացը։ Անգնահատելի է ազգային դպրոցի դերը բարոյական, ազգային արժեքներով օժտված, ազգային նկարագիր ունեցող սերունդ կերտելու և դաստիարակելու գործում։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ուսումնասիրել անցյալի ժառանգությունը՝ փոխանցելով սերնդեսերունդ»,-հատվածը «Ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով մրցույթի հաղթող թիմի՝ «Կարինի հայկական վարժարանները» թեմայի շրջանակում արված դիտարկումն է։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ամփոփվեց ՀՊՄՀ Մանկավարժության ամբիոնի կազմակերպած ուսանող-դասախոս նախագծային աշխատանքների համահամալսարանական մրցույթը, որին մասնակցել են բուհի 8 ֆակուլտետի 100 ուսանող և 27 դասախոս։

Նախաձեռնության նպատակն էր հարստացնել հայ մանկավարժության պատմությունը, ներկայացնել արևմտահայ կրթօջախների և հայ մտավորականության առաջադեմ գործունեությունը, ընդգծել կրթության դերը հասարակությունը վերափոխելու գործում։ Բացի այդ, զարգացնել ապագա ուսուցիչների մանկավարժական մտածելակերպը, ձևավորել ազգային ու մարդկային արժեհամակարգ, արդի կրթական տեխնոլոգիաների յուրացում, խրախուսել ուսանող-դասախոս համագործակցությունը՝ միասին նոր գիտելիք ստեղծելու գործում։

Մրցույթի նախորդ փուլը հաղթահարած 8 նախագծից 3-ը, որոնք անցել էին եզրափակիչ փուլ, կրկին ներկայացվեց՝ արդեն թանգարանի պատերի ներսում։

«Կարինի հայկական վարժարանները», Պոլսո Կեդրոնական վարժարանը ազգային պահպանության խաչուղիներում», «19-րդ դարի զմյուռնահայ կրթական գործը»․ ներկայացված երեք նախագծերն էլ հիանալի հետազոտական աշխատանքներ էին, որոնցից առաջին տեղը զբաղեցրեց Պատմության և հասարակագիտության, երկրորդը՝ Բանասիրական, իսկ երրորդը տեղը՝ Սկզբնական կրթության և Քիմիայի, կենսաբանության և աշխարհագրության ֆակուլտետների համատեղ աշխատանքը։

«Լավագույն նորարարական նախագիծ», «Հանդիսատեսի համակրանք», «Նախագծի լավագույն ներկայացում», «Ազգային կրթական ավանդույթների բացահայտում», «Մեդիագործիքների լավագույն կիրառություն»․ մրցույթին ներկայացված մյուս նախագծերը տարբեր անվանակարգերում ճանաչվեցին հաղթող՝ արժանանալով խրախուսական պարգևների։

Մրցույթը գնահատող հանձնաժողովը բարձր գնահատեց նախագծային աշխատանքների բովանդակության յուրօրինակությունն ու կատարած մեծածավալ հետազոտությունը, նշելով՝ մրցույթում հաղթողներ և պարտվողներ չկային․ հաղթեց կրթությունն ու գիտությունը։

Ամփոփիչ նիստում ժյուրիի անդամները նկատեցին, որ դրված նպատակը իրագործվել է, և, վստահաբար, հայ մանկավարժական միտքն ու պատմությունը հարստացավ հերթական լրջագույն գիտահետազոտական նյութով։

Մինչ մրցույթի եզրափակիչ փուլի ելույթներին անցնելը, մասնակիցները միջոցառման կազմակերպիչների ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեցին 20-րդ դարասկզբի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Մրցույթին նախորդել էր ՀՊՄՀ-ի Պատմության թանգարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված համանուն ցուցադրությունը, որում ներկայացված էին հայկական վարժարանները։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում չափազանց խորհրդանշական էր հնչում դաստիարակության և կրթության հիմնախնդիրները արևմտահայ կրթօջախներում, և մտավորականության առաջադեմ գործունեությունը ազգային ինքնության պահպանման գործում, որբանոցների, որբախնամ դպրոցների հիմնումն Արևմտյան Հայաստանում, Կեդրոնական, Կարինի հայկական վարժարանները, զմիուռնահայ կրթական հաստատությունների գործունեությունը, արևմտահայ դպրոցները՝ անցյալից դեպի ներկա։

Այս թեմաների շուրջ արված ուսանողների և դասախոսների մանրակրկիտ հետազոտական աշխատանքը մեծապես օգտակար կլինեն նաև թանգարանի գործունեությանը։ Բոլոր նախագծերը փաթեթով հանձնվեցին թանգարանի տնօրինությանը։

Թանգարանի տնօրենի տեղակալ Էդիտա Գզոյանը նկատում է՝ նախկինում տարբեր առիթներով համագործակցել են ՀՊՄՀ-ի հետ, ուրախ է, որ համագործակցությունն ընդլայնվում է՝ ընդգրկելով նաև ուսանողներին։ Ընդգծում է՝ կարևորում են երիտասարդների մոտեցումները, սկզբունքայնությունը, որոնցով կրթվելու են ապագա սերունդները․« Գնահատելի աշխատանք է, դրանք կհամալրեն թանգարանի ֆոնդերը, իսկ գիտական նորույթ պարունակողները կտպագրվեն ամսագրերում»։

ՀՊՄՀ Մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը ընդգծում է՝ առաջին իսկ պահից մասնակիցները մեծ պատասխանատվությամբ են մոտեցել մրցույթին և նախագծերի իրականացմանը։

Վստահ է՝ յուրաքանչյուրն իր հոգու մասնիկը ներդրեց նախագծում, իսկ կատարած աշխատանքը սովորեցրեց ճիշտ նպատակներ դնել, կանխատեսել, համագործակցել․«Նախագիծը շատերի համար դարձավ հայրենասիրության, ազգային ինքնագիտակցության, ինքության ամրապնդման միջոց։ Մասնակիցները հնարավորություն ունեցան հաղորդակցվելու ժողովրդի պատմությանը, օտար ափերում մեր նախնիների կրթական ավանդույթներին, անվանի մանկավարժների գործունեությանը և մեր ժողովրդի ուսյալ զավակների կրթամանկավարժական, ազգապահպան, հայրենասիրական գործունեությանը»։

Նախաձեռնության հեղինակ և մրցույթի կազմակերպիչ Աիդա Թոփուզյանը շնորհակալություն հայտնեց աջակիցներին՝  բուհի գրադարանին, թանգարանին, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, Ազգային գրադարանին և բոլոր սրտացավ մարդկանց, որոնք ուսանողի կողքին էին ողջ հետազոտության ընթացքում։

Ժյուրիի անդամ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն ընդգծում է՝ նախագիծն աննախադեպ է և կմնա բուհի, թանգարանի պատմության մեջ․ նաև հիշեցնում, որ Աիդա Թոփուզյանի արմատները արևմտահայ կրթական ակունքներից են, և այսօր նա իր պարտքը կատարեց հոր՝ Օնիկ Թոփուզյանի հիշատակի առջև։

Պրոֆեսորը կարևորեց, որ արևմտահայ կրթական պատմության հրաշալի ճանապարհը բացահայտվեց ուսանողներին առաջին գիծ մղելու, նրանց անբասիր աշխատանքի շնորհիվ։

Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը նկատում է՝ 21-րդ դարում լսարանային ֆորմատով թեմաների ուսուցանումն այլևս բավարար չէ․ կրթությունը նաև արդյունավետ է նոր տեխնոլոգիաների և մեթոդների կիրառման շնորհիվ։

«Ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով մրցույթն, ըստ նրա, նախագծային ուսուցման լավագույն օրինակն է, որի շնորհիվ մասնակիցները սովորեցին թեման, յուրացրին Ցեղասպանության հետ կապված առանձին դրվագներ, իսկ ապագա ուսուցիչները սովորեցին աշխատել նորարարական այս մեթոդով, որը հետագայում կկիրառեն աշակերտներին ուսուցանելու ընթացքում։

Միջոցառման ավարտին ուսանողներն ու դասախոսները բուհի շրջանավարտ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակից Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ շրջեցին թանգարանում և ծանոթացան հարուստ ցուցադրությանը։