ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամփոփվեցին գործընկեր բուհերում մոնիտորինգային այցերը
10.08.2020
Ամփոփվեցին գործընկեր բուհերում մոնիտորինգային այցերը

Էրազմուս+ BOOST (Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում) ծրագրի շրջանակներում գործընկեր համալսարաններ մոնիտորինգային այցերն ամփոփվեցին Շիրակի պետական համալսարանում և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

Շիրակի պետական համալսարան այցը մեկնարկեց ֆոկուս խումբ հանդիպմամբ, որի մասնակիցները ոչ միայն ծրագրի աշխատանքային խմբի անդամներն էին, այլև ծրագրին մասնակցած այլ աշխատակիցներ։

Հանդիպմանը քննարկվեցին ծրագրի շրջանակներում Շիրակի պետական համալսարանի իրականացրած աշխատանքները, միջազգայնացմանն ուղղված բարեփոխումները և մշակած փաստաթղթերը, ծրագրի կայունությանը միտված աշխատանքները, ինչպես նաև եվրոպական բուհերում վերապատրաստումների արդյունքների տարածումը և տեղայնացումը։

Այցի ընթացքում հանդիպում տեղի ունեցավ նաև բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի հետ։ Վերջինս շեշտեց ծրագրի արդյունքների կարևորությունը ՇՊՀ-իՇիրակի պետական համալսարանի միջազգայնացման գործում։  

Մոնիտորինգային վերջին այցը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա էր։ Աշխատանքային խումբը ֆոկուս խումբ քննարկումների ընթացքում անդրադարձավ ծրագրի առանցքային ազդեցությանը բուհի միջազգայնացման գործում։ Նշենք, որ սա կարողությունների զարգացմանն ուղղված միջազգային ծրագրերում ընդգրկվելու Կոնսերավտորիայի առաջին փորձն էր։

Ծրագրի արդյունքում ստեղծված միջազգայնացումը կանոնակարգող փաստաթղթերը, միջազգային բաժնի կարողությունների զարգացումը և մի շարք այլ գործողություններ նպաստել են, որ հավատարմագրման միջազգայնացման բաղադրիչը, նախորդի համեմատ, դրական եզրակացության արժանանա: Հատկանշական է, որ ծրագրի շրջանակներում ակտիվացել են Կոնսերվատորիայի ուսանողների փոխանակումը և բուհի մասնակցությունը միջազգային տարբեր ծրագրերին։

Մոնիտորինգային այցերի ընթացքում իրականացվեցին նաև  ծրագրի շրջանակներում ձեռք բերված սարքավորումների կիրառման և տեղադրման հետ կապված ստուգումներ։