ՀՊՄՀ-ի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետում ամփոփվեց Նիդերլանդների Մաաստրիխտի համալսարանի կազմակերպած «Ճանաչողություն և մշակույթ» ծրագիրը։
Նախագծի նպատակն էր տարբեր մշակույթների պատկանող ուսանողներին հնարավորություն տալ փոխազդել վիրտուալ միջավայրում, հասկանալ մշակույթի ազդեցությունը ճանաչողական, հոգեբանական գործընթացների վրա։
Ծրագրին մասնակցել են «Հոգեբանություն» մասնագիտության 3-4-րդ կուրսերի 10 ուսանող․ և՛ Մաաստրիխտում, և՛ ՀՊՄՀ-ում ուսանողները ստացել են տարբեր առաջադրանքներ, իրականացրել մտքերի, գաղափարների և առաջադրանքների փոխանակում։
Կազմակերպվել են առցանց հանդիպումներ և քննարկումներ՝ համագործակցելու և միմյանց օգնելու վերաբերյալ։
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Սոնա Մակիչյանը նկատում է՝ օն լայն ձևաչափում անցկացվող ծրագիրը կարևոր էր ինչպես հոգեբանական հետազոտություններ, այնպես էլ օտար լեզվով միջմշակության հաղորդակցություն իրականացնելու տեսանկյունից։
Վստահ է՝ ծրագրի շնորհիվ ուսանողների համար նկատելի կլինեն հոգեբանական ընկալումների տարբերությունները, որոնք հետագայում կկիրառեն նաև կրթական գործընթացում։
Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Մարիաննա Ավետիսյանը խոստովանում է՝ իր համար դեռևս ուսանողական տարիներից նման ծրագրերի իրականացումը երազանք էր։ Միշտ է կարևորել օտարերկյա բուհերի հետ համագործակցությունը, օտարազգի ուսանողների հետ շփումը, բուհական համակարգին, կրթությանը ծանոթանալ․ «Փորձի փոխանակումը, հետագայում համատեղ ծրագրերի իրականացումն ու նոր գործընկեր գտնելը հնարավոր են դառնում նման ծրագրերի շնորհիվ, ինչը դրական միտում ունի»։
Ամփոփելով ծրագրի արդյունքները՝ ՀՊՄՀ Միջազգային համագործակցության բաժնի աշխատակից Ռաիսա Ավետյանը հույս հատնեց, որ համագործակցությունը ամենատարբեր ծրագրերի շրջանակներում Մաաստրիխտի համալսարանի հետ կշարունակվի։
Բանախոսը երկու բուհերի միջև փորձը հաջողված համարեց՝ ընդգծելով, որ ծրագիրը նաև լավ փորձառություն էր ուսանողների համար։
Ի դեպ, ծրագրի ամփոփմանը օն լայն ձևաչափով մասնակցում էր նաև Նիդերլանդների Մաաստրիխտի համալսարանի դասախոս Նարեկ Հարությունյանը։
Ուսանողները, ամփոփելով ծրագիրը, ներկայացրին մեկնարկը, նպատակը, 4 խմբերի կատարած աշխատանքները, խոսեցին երկու բուհերի կրթական համակարգի նմանությունների և տարբերությունների, ծրագրի առավելությունների մասին՝ ընդգծելով դրական փորձը, որը հնարավորություն կտա հետագայում կատարելագործվել նաև մասնագիտության մեջ։
Մասնակիցներին տրվեցին հավաստագրեր: