ՀՊՄՀ-ի Մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ մանկավարժական պրակտիկայի ամփոփում-ցուցահանդեսը։
Ցուցադրությանը, որին ներգրավված էին տարբեր ֆակուլտետների ուսանողներ, ներկայացվեց 6-շաբաթյա պրակտիկայի ընթացքում ապագա մանկավարժների կատարած տարաբնույթ աշխատանքները՝ դիդակտիկ նյութեր, պաստառներ և այլն։
Ուսանողներն իրենց պարտավորված են զգում, որ ավանդական դարձած ցուցահանդեսին ներկայանան առավել պատրաստված․ այն այս տարի նվիրված է բուհի մեկդարյա հոբելյանին։
Ներկայացված նյութերը բազմազան էին․ դրանց մի մասը նպաստում են մանր մոտորիկայի զարգացմանը, կրեատիվության մակարդակի բարձրացմանը և մանկավարժական այլ խնդիրների լուծմանը։
«Պրակտիկայի համար մենք ունեինք հստակ հրահանգ՝ տոն դարձնել բոլոր երեխաների յուրաքանչյուր օրը»,-նշում են ապագա մանկավարժներն ու ներկայացնում իրենց «ձեռքբերումների ծառ»-ն ու «դժվարությունների օդապարիկ»-ը։ Խոստովանում են՝ դրանք հաղթահարվել են պրպտումների և ինքնակատարելագործման շնորհիվ։
Ուսանողները վստահ են, որ բացի մասնագիտական կարողություններից, նման պրակտիկաները նպաստում են նաև թիմային աշխատանքի, շփման, հետազոտական հմտությունների զարգացմանն ու հայրենաճանաչողության մակարդակի բարձրացմանը։